Ռուսաստան

Հյուսիսային Կորեան հերքել է իր զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան հերքել է իր զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հաղորդագրությունները հյուսիսկորեացի զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին «անհիմն լուրեր են», որոնց նպատակն է Փհենյանի նվաստացումը և Մոսկվայի հետ նրա հարաբերությունների վատթարացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը։

«Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ռազմական համագործակցությանը Ռուսաստանի հետ, իմ պատվիրակությունն անհրաժեշտություն չի տեսնում մեկնաբանելու նման անհիմն կարծրատիպային լուրերը, որոնց նպատակը ԿԺԴՀ-ի նվաստացումն է և երկու պետությունների միջև օրինական, բարեկամական ու գործընկերային հարաբերությունները խաթարելը», - Yonhap-ը մեջբերել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի առաքելության ներկայացուցչի խոսքը:

Հայտարարությունն արվել է հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման և միջազգային անվտանգության Առաջին կոմիտեի նիստի ժամանակ։

Ավելի վաղ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ Փհենյանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել իր 12 000 զինվորականի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության համար, ընդ որում, հատուկ նշանակության ջոկատների 1500 մարտիկներ, ենթադրաբար, արդեն գտնվում են ՌԴ Հեռավոր Արևելքի ռազմակայաններում՝ վերապատրաստման համար։ 

Հարավային Կորեայի արտգործնախարարությունն ավելի վաղ կանչել էր Սեուլում ՌԴ դեսպանին և նրան բողոք հայտնել հյուսիսկորեական զորքեր ՌԴ ուղարկելու դեմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում