ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «3+3» ձևաչափի հերթական հանդիպումը էական ձեռքբերումներով աչքի չընկավ, այն ընդամենը արարողակարգային բնույթ կրող հանդիպում էր՝ զուտ ձևաչափին ինչ-որ կենսունակություն հաղորդելու համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայում կայացած «3+3» հարթակի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
«Հանդիպումն այդպես էլ խորքային բովանդակություն չունեցավ, և դա երևաց նաև ամփոփիչ հայտարարության մեջ։ Փաստորեն հանդիպումն ընդամենը նպատակ էր հետապնդում պահպանել ձևաչափի կենսունակությունը, որպեսզի այն գործադրվի ավելի բարենպաստ իրավիճակում և ավելի էֆեկտիվ կերպով։ Իսկ թե ինչու չկար բովանդակային խորություն, պատճառն այն է, որ այդ հարթակում առկա գրեթե բոլոր երկրների միջև, իհարկե, որոշակի բացառություններով (Թուրքիա-Ադրբեջան, Ռուսաստան-Ադրբեջան), կան բավականաչափ լուրջ հակասություններ ու տարաձայնություններ, հետևաբար չեմ կարծում, որ վեց երկրներից հինգը (քանի որ Վրաստանն էլ չի մասնակցում վեցյակի հանդիպումներին) կարող են ապահովել կենսունակություն»,- ասաց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ առկա են իրարամերժ շահեր Ռուսաստան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան, Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք տնտեսական մեգա ծրագրերն ու տնտեսական շահերը կարող են հարթել քաղաքական տարաձայնությունները՝ վերլուծաբանն ընդգծեց, որ տնտեսական գործոնն, իհարկե, կարևոր է, բայց մեր տարածաշրջանում կա սկզբունքային խնդիր, այն է՝ Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվում են Հայաստանի հետ որևէ տնտեսական, ենթակառուցվածքային կամ քաղաքական սերտ գործակցությունից, որովհետև շարունակում են օգտագործել շրջափակման սպառնալիքը մեր երկրին առավելագույն չափով ճնշումների ենթարկելու համար։
«Եվ քանի որ այդ վեց երկրների շրջանում առնվազն երկուսի մոտ կա միասնական մոտեցում Հայաստանի նկատմամբ, որը չի բխում մեր շահերից, ապա դժվար է կանխատեսել, որ տվյալ ձևաչափը կարող է անգամ տնտեսական համագործակցությանը զարկ տալ։ Տարածաշրջանում խաղաղության ու զարգացման առումով բոլորին հուզում է տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակումը, բայց մյուս կողմից կան տարաձայնություններ հարթակի բոլոր հիմնական դերակատարների շրջանում։ Այսինքն՝ չկա մեկ ընդունված մոտեցում բոլորի համար, բացառություն են Թուրքիան և Ադրբեջանը, ուստի, քանի դեռ նման անվստահության, իրարամերժ շահերի մակարդակում են գտնվում անդամ երկրները, ձևաչափը չի կարող հաջողել»,- ասաց մեր զրուցակիցը։
Խոսելով այն մասին, որ ՀՀ արտգործնախարարն, այնուամենայնիվ, օգտագործել է առիթն ու ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, Պետրոսյանն ասաց, որ դա նախևառաջ հայկական կողմի տեսլականն է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։
«Թուրքիան և Ադրբեջանն ունեն դրա այլընտրանքային տարբերակը ՝այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», Ռուսաստանն ունի այլընտրանքային մոտեցում այդ խաչմերուկի նկատմամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ներքո։ Պարզապես այս հարթակի հերթական հանդիպումը հնարավորություն էր, որպեսզի հայկական կողմն առավելապես կենտրոնանար հենց տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայի վրա։ Թե՛ ՀՀ արտգործնախարարի ելույթը, թե՛ «Խաղաղության խաչմերուկի» ներկայացումը դրա վառ ցուցիչն են, բայց, քանի որ կան բովանդակային տարաձայնություններ կողմերի միջև, այդ խնդիրը շարունակելու է մնալ որպես հիմնական խոչընդոտ տարածաշրջանային խաղաղության համար»,- ասաց Պետրոսյանը։
Նրա համոզմամբ նշված խնդիրը խոչընդոտ է նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ չնայած ադրբեջանական կողմից հնչող տարաբնույթ արհեստական հայտարարություններին, որոնք վերաբերում են այլ հարցերի։ Այդ գործելակերպով Ադրբեջանը՝ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ, փորձում է Հայաստանի նկատմամբ ճնշման գործիքներ կիրառել։
«Քանի դեռ բովանդակ աշխարհն ու մեր տարածաշրջանը գտնվում են անորոշ շրջափուլում, քանի դեռ պետությունների՝ անգամ «3+3» ձևաչափի տարբեր տրամաչափի երկրների միջև շարունակվում է մրցակցությունը տարբեր մակարդակներում՝ առանց միջոցների խտրականության, նման իրավիճակում ձևաչափը որոշակի ազդեցություն չի կարող ունենալ խնդիրների լուծման վրա։ Բայց, իհարկե, չի բացառվում, որ ավելի կայուն շրջափուլում «3+3»-ը սկսի գործել շատ ավելի էֆեկտիվ, եթե մեր տարածաշրջանում գործընթացները ստանան որոշակիություն»,- եզրափակեց վերլուծաբանը։
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) արտաքաին գործերի նախարարների հանդիպումը, որին Վրաստանը հերթական անգամ չմասնակցեց։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր, որում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում: Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Մանվել Մարգարյան