Հայաստան

Սևան քաղաքում դպրոցականների մասնակցությամբ կայացել է աղբի թափոնների տեսակավորմանը նվիրված շաբաթօրյակ

2 րոպեի ընթերցում

Սևան քաղաքում դպրոցականների մասնակցությամբ կայացել է աղբի թափոնների տեսակավորմանը նվիրված   շաբաթօրյակ

ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում դպրոցականների մասնակցությամբ կայացել է շաբաթօրյակ՝ «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի քաղաքային այգում և Սայաթ-Նովա պուրակում տեղի է ունեցել շաբաթօրյակ, որը նախորդներից տարբերվում էր իր ձևաչափով:

Նախաձեռնությունն իրականացվել է  «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում, որը Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի բաղադրիչներից մեկն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կողմից:

Միջոցառումը մեկնարկել է  Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքից, որտեղ տեսակավորման ուսուցում ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրել է  թափոնների ճիշտ տեսակավորման վերաբերյալ տեսական նյութ: Մասնակիցներին բաժանվել են  ձեռնոցներ, պարկեր, և մեկնարկել է աղբի տեսակավորման գործնական փուլը:

Շաբաթօրյակին մասնակցել են  շուրջ 70 երեխա, որոնք ներկայացնում էին արտադպրոցական տարբեր հաստատություններ, և մեծահասակներ։

«Քիչ անց թուղթը, պլաստիկը, ապակին, տարբեր մետաղներ, ինչպես նաև խառը աղբը հայտնվեցին համապատասխան պարկերի մեջ:

Որպես ամփոփում՝ փորձագետ Էմիլ Մկրտչյանը ներկայացրեց կատարված աշխատանքի արդյունքները: «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում ներդրվող կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգը Սևանում ձևավորելու է նոր մշակույթ, իսկ մինչ այդ երեխաներն ու մեծահասակները սովորում են թափոնները ճիշտ տեսակավորելու նրբությունները, որպեսզի հետո իրենց ստացած կարողությունները փոխանցեն մյուսներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

 

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում