Ռուսաստան

Պեսկովը խոսել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանի քայլերի մասին

2 րոպեի ընթերցում

Պեսկովը խոսել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանի քայլերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց են ուղղել՝ արդյոք Ռուսաստանը կկռվի Հյուսիսային Կորեայի կողմից, եթե վերջինս պատերազմի մեջ մտնի Հարավային Կորեայի հետ։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է խորը համագործակցություն բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Կոմերսանտ» պարբերականից։

«Համաձայնագրում առկա ձևակերպումները պարզաբանման կարիք չունեն, դրանք բավական միանշանակ են։ Գլխավորն այն է, որ համաձայնագիրը ենթադրում է ռազմավարական խորացված համագործակցություն բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ապահովման», - ասել է Դմիտրի Պեսկովը։ 

Նա հավելել է, որ այս պայմանագրով և դրա սկզբունքներով «Մոսկվան և Փհենյանն առաջնորդվում են մեր հարաբերությունների հետագա զարգացման ընթացքում»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 19-ին Պուտինի՝ Փհենյան կատարած այցի ժամանակ ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի նախագիծը։ Հոկտեմբերի 14-ին Պուտինը Պետդումա է ներկայացրել պայմանագրի վավերացման նախագիծը։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվում են անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում։

Հունվարին Կիմ Չեն Ընն առաջարկեց սահմանադրորեն ամրագրել Հարավային Կորեայի՝ որպես գլխավոր թշնամի երկրի կարգավիճակը։ Այս շաբաթ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սահմանային գծում հրետանին բերել են մարտական պատրաստության վիճակի, իսկ հոկտեմբերի 15-ի գիշերը հյուսիսկորեացի զինվորականները պայթեցրել են երկիրը Կորեայի Հանրապետության հետ կապող ճանապարհները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում