ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանն ավելի քան քսան տարի զարդարել է Հայաստանի տարբեր բեմերը, հետաքրքիր հաղորդումներով գրավել բազմաթիվ հեռուստադիտողների սրտեր, նկարահանվել սիթքոմներում և մշտապես աչքի ընկել կերտած կերպարների բազմազանությամբ։ Չնայած ձեռք բերած մեծ սիրուն, ճանաչմանը՝ դերասանուհին նոր ստեղծագործական կյանք է սկսել ԱՄՆ-ում՝ վստահ լինելով՝ իրեն նոր շունչ, նոր ապրումներ են հարկավոր, սեփական անձն ավելի լավ ճանաչելու, բացահայտելու հնարավորություններ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարինե Ալեքսանյանը պատմել է հայրենիքից հեռանալու, ԱՄՆ-ում ծավալած գործունեության, նվաճումների, նոր մարտահրավերների և առաջիկա ծրագրերի մասին։
Նա վստահ է՝ դերասանը, ստեղծագործող մարդը մշտապես որոնումների մեջ է։ Երբեմն այդ որոնումներն արդարացված են, երբեմն էլ կյանքի հետագա ընթացքն են որոշում։ «Պահ է գալիս՝ ինչ-որ բան քիչ է թվում, սահմանները՝ փոքր, ցանկանում ես՝ խոսքդ տարածական լինի։ Հենց այդ միտքն էլ ինձ տարավ Միացյալ Նահանգներ։ Դաշտը պարարտ չէր, և, եթե հայտնվում ես մի իրավիճակում, որը քեզ անծանոթ է, տևական ժամանակ լռում ես։ Այն, ինչ տեսնում ես, կարող է քեզ վեր բարձրացնել կամ հիասթափության հասցնել։ Ես միշտ լավատես եմ ու կարծում եմ, որ աշխատանքային գործընթացն ամենակարևոր բանն է թատրոնում։ Դա ինքնաճանաչման, ինքնաարտահայտման ձև է, որ ցանկացած ստեղծագործող պարտավոր է անցնել ինքն իրեն հասկանալու, իր հարցերին պատասխանելու համար»,-հավաստիացնում է դերասանուհին։
Նարինե Ալեքսանյանն ԱՄՆ-ում ևս թատերական գործունեություն է ծավալում։ Խոստովանում է՝ եթե չես աշխատում պետական թատրոնում, պետք է քո հանդիսատեսին գտնես, քո շրջանակը։ ԱՄՆ-ում նրան շատերն են ճանաչում. հեռուստատեսային հաղորդումներ վարելու, ֆիլմում նկարահանվելու առաջարկներ անում, բայց դերասանուհու գլխավոր նպատակը բեմ բարձրանալն է։
«Ներկայացում խաղալու համար անհրաժեշտ էր լռություն՝ հասկանալու, թե ինչ ես ուզում ասել։ Լավ է, որ այդ լռությունը երկարատև չէր։ ԱՄՆ մեկնելուց գրեթե մեկ տարի անց խաղացի «Շնչառություն» մոնոներկայացումը։ Այն նոր շնչով խաղացի, որովհետև այդ շնչառությունը հենց իմն էր, այն շնչառությունը, որ ինձ պակասում էր, այն շնչառությունը, որով վերագտա ինձ։ Այդ շնչառության մեջ կար սեր, անսահման կարոտ, հանդիսատեսի հետ շփման անվերջ ցանկություն»,-ասում է նա։
Ալեքսանյանը ներկայացումը խաղացել է Փասադենայի փոքրիկ թատերասրահներից մեկում։ Մեծ բեմից հետո նրան հետաքրքիր է եղել փոքր հարթակում հանդես գալը։ «Կոկտեյլային մթնոլորտ էր, ինչը տրամադրող էր։ 150 հոգու ներկայությամբ և երաժշտության ուղեկցությամբ խաղալն ինձ համար փորձարարություն էր։ Ուրախ էի, որ այն իրականություն դարձավ, երջանիկ էի, որ ներկայացումը հաջողություն ունեցավ. բոլորը հոտնկայս ծափահարում էին»,-հիշում է նա։
Հետո դերասանուհին ներկայացումը խաղացել է Լաս Վեգասում՝ նույն ոգևորությամբ։ Այդ անգամ ներկայացումը բարեգործական բնույթ է կրել և կյանքի է կոչվել հայկական եկեղեցու աջակցությամբ։ Ներկա են եղել հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հյուպատոսը, եկեղեցու քահանան Նարինեին շնորհակալագրեր են հանձնել։ Դերասանուհին ուրախ է, որ իր աշխատանքը գնահատվել է։ Երրորդ ներկայացումը երկար սպասեցնել չի տվել։ Երկու ամիս անց դերասանուհին հյուրընկալվել է Գլենդելում՝ իրանահայ միության կենտրոնում։ Դահլիճը կրկին լեփ-լեցուն է եղել, հանդիսատեսը՝ ջերմ։ Ալեքսանյանն այդ անգամ ևս շնորհակալագրի է արժանացել։
«Եթե մոնոներկայացումը կոմեդիայի ժանրում չէ, մոնոդրամա է, պետք է ուրույն հանդիսատես ունենա։ Այստեղ ինձ ասում էին՝ հնարավոր չէ դա իրականացնել, բայց երբ միտքդ սևեռուն նպատակի է ուղղվում, ոչ միայն դու, այլև տիեզերքն է աշխատում քեզ համար։ Ինքս ինձ, ընկերներիս և շատերին էի ապացուցում, որ միայն թեթև ժանրում չէ, որ հնարավոր է հանդիսատեսի ուշադրությանն արժանանալ։ Թատերասերը լավ նյութ ունկնդրելու և դիտելու իրավունք ունի։ Ով, եթե ոչ դու պետք է տաս այդ լավ նյութը, որ հանդիսատեսն իրեն կողքից տեսնի, դառնա քո մասնիկը, քո շնչառությունը»,-նշում է Ալեքսանյանը։
ԱՄՆ-ում թատերական մշակույթն այլ հարթության վրա է, սրա պատճառով դերասանուհին նաև դժվարությունների է բախվում։ Ի տարբերություն Հայաստանի՝ չկա ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի երեկոյան 19։00-ին թատրոն գնալու մշակույթը։ «Հայաստանից ԱՄՆ հյուրախաղերով եկած արտիստները կարողանում են հանդիսատեսին բերել թատրոն, իսկ դժվարությունները հենց նրա համար են, որ հաղթահարվեն, ինքդ քեզ ճանաչես և ինքդ քեզ շատ բան ապացուցես, ինքդ քեզ նոր շունչ տաս հետագա գործունեության համար»,-շեշտում է նա։
Խոստովանում է՝ նոր Նարինեն մի փոքր այլ է։ Ըստ դերասանուհու՝ զրոյից սկսելը շատ ավելի հետաքրքիր է։ «Երբ զենքերդ վայր ես դնում, որովհետև քեզ գիտեն, որովհետև բոլորին հայտնի ես, արդեն հետաքրքիր չես, իսկ երբ ծանոթանում ես նոր միջավայրի հետ և ինքդ քեզ նոր լույսով ես ներկայացնում, հետաքրքիր ես։ Համո Սահյանն ասում էր, որ իրեն ճանաչելը մի քիչ դժվար է։ Ես վերագտա Նարինե Ալեքսանյանին։ Այստեղ շատ հետաքրքիր բաներ հասկացա։ Հայաստանում կերտում էի կերպարներ, որոնց իսկապես լուրջ և հոգեբանորեն էի մոտենում։ Դերասանը մի քիչ հոգեբան է, եթե դու կերպարիդ այդ տեսանկյունից չմոտենաս, եթե չիմանաս, թե քո կերպարն ով է, ինչ ունի ասելու, հավաստի չես լինի, ճշմարտացի չես լինի»,-ընդգծում է դերասանուհին։
Երբ տարիներ առաջ Երևանում՝ «Գոյ» թատրոնում խաղացել է Վիլյամ Սարոյանի պիեսի հիման վրա բեմադրված «Քարանձավի բնակիչները» ներկայացման մեջ՝ կերտելով թագուհու կերպարը, հերոսուհու հույզերն Ալեքսանյանին անծանոթ են եղել՝ չնայած Սարոյանը համամարդկային արժեքներով կերպար է ստեղծել, իսկ ԱՄՆ-ում դերասանուհին ասես իրականում է հայտնվել թագուհու կարգավիճակում. դերասանուհի, որ ճանաչված է եղել, արժանացել է բուռն ծափահարությունների, ծաղկեփնջերի, խաղացել է շեքսպիրյան ներկայացումներում, կերտել լավագույն դերերը, եղել առաջատար արտիստ, հանկարծ հայտնվում է մի դատարկ տարածության մեջ և մեկ այլ դերասանի՝ Վարուժան Մանուկյանի հետ, որն Ալեքսանյանի ամուսինն ու խաղընկերն է, այդ տարածությունում ստեղծում է իր աշխարհը, իր թատրոնը։
«Ես այդ հորինված կերպարն այնքան լավ էի զգում Երևանում, ինձ թվում էր՝ այնքան ճիշտ եմ, և հանկարծ ԱՄՆ-ում հայտնվեցի թագուհու կարգավիճակում։ Ներկայացման մեջ թագուհին ասում է՝ երեկոյան ժամը յոթն է, վառվում են թատրոնի լույսերը, հանդիսատեսը գալիս է թատրոն և այլն։ Հիմա այդ տեքստը բոլորովին այլ կերպ եմ ասում, ուրիշ տառապանքով, ուրիշ սեր կա դրանում, ինքնաճանաչում կա։ Այո՛, արժեր հասնել աշխարհի ծերը, որ այս ամենը հասկանաս։ Զարմանալիորեն հասկանում եմ՝ ինչ է նշանակում Գոդոյին սպասելը, այն կերպարները, որոնք ինձ համար բացահայտված էին, նորովի են բացահայտվում։ Պարոնյանի անվան թատրոնում խաղում էի «Չինացին էլ կարող է հայ լինել» ներկայացման մեջ, որում ամերիկաբնակ մի կին ընդվզում է, երբ իր աղջիկը փորձում է ամուսնանալ չինացու հետ։ Պարոնյանական թեթևությամբ, հումորով և գեղեցիկ բեմադրությամբ էր դա մատուցվում։ Չիմանալով այդ կնոջը՝ փորձում էի իրավացի, հավաստի լինել՝ մտածելով, որ նման բան հավանաբար չի կարող լինել, իսկ ԱՄՆ-ում տեսա, որ դա շատ սովորական երևույթ է, և հայն էլ կարող է ամուսնանալ չինացու հետ, և շատ մայրեր կարող են ընդդիմանալ դրան։ Կրկնում էի իմ տեքստն ու այլ Նարինեի հայտնաբերում։ Թե ինչպես կխաղամ հիմա այդ ներկայացումը, չգիտեմ, բայց միշտ փորձել եմ ճշմարիտ լինել և երբեմն ուրախանում եմ, երբ փաստում եմ՝ չիմանալով ճշմարիտ եմ եղել»,-պատմում է Նարինե Ալեքսանյանը։
Հայտնաբերե՞լ է նոր Նարինեին, չի կարող հստակ ասել, բայց կյանքի նոր փուլը դերասանուհուն շատ է դուր գալիս։ Նահանգներում երբեմն ելույթներ է ունենում մշակութային, տարեցների և այլ կենտրոններում։ Նրա խոսքով՝ հատկապես տարեցներն ապրում են Հայաստանի կարոտով, գիտեն՝ ինչ է նշանակում երեկոյան թատրոն գնալ, գիտեն՝ ինչպես հագնվել թատրոն գնալիս և այլն։
Դերասանուհին հանդես է գալիս փոքրիկ մանրապատումներով, գրական երեկոներով և իրեն բացահայտում է այն լույսի ներքո, որն իր համար զարմանալիորեն փակ էր։ Մանրապատումներից մեկում ազատության արձան է խաղում, մյուսում սիրահարված մեքսիկացի տղամարդ է, մեկ այլ մանրապատման մեջ ճապոնացի կին է, որ պետք է փորձի հասարակության մեջ գտնել իր տեղը, մեկ այլ մանրապատումում նա խոհարար է, որ ամեն ինչ անում է, բայց ոչինչ չի ստացվում։ Գրական երեկոներին դերասանուհին կարդում է Չարենցի, Սևակի, Սահյանի, երբեմն՝ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։
Երբեք չի մտածել այլ մասնագիտության մասին։ Նրան միշտ թվացել է, որ չկա այլ մասնագիտություն, կա միայն այն, ինչն ինքն է ընտրել։ Ալեքսանյանը շատ է սիրում իր աշխատանքը։ Կարծում է՝ դա երբեմն խանգարում է ավելի թեթև վերաբերվել երևույթներին, խանգարում է անփույթ լինել։ «Տարիների ընթացքում հասկանում եմ, որ դա դառնում է ճակատագիր։ Միացյալ Նահանգներում հեշտ չէ։ Այնպես չէ, որ հայ դերասանը հայտնվում է հայկական համայնքում, որը նրան ծափահարություններով առաջ է տանում։ Համայնքը քեզ տեսել է, գիտի, սիրում է քեզ։ Այդ սերը բացահայտ է։ Երբ փողոց ես դուրս գալիս, ասես Հայաստանում լինես։ Մարդիկ մոտենում են քեզ, ուրախանում են, որ դու իրենց հետ ես, հետաքրքրվում են, թե երբ ես ներկայացում խաղալու, բայց այստեղ շատ դժվար է դերասան լինելը։ Սա այլ երկիր է, բայց անգամ ուրիշ երկրում ես չեմ մտածում լինել ուրիշ մասնագետ, այլ մասնագիտություն սովորել, այլ բան անել, ինչը հնարավոր է, որովհետև մարդը միշտ պետք է սովորի։ Ո՛չ։ Ես դարձյալ, կրկին և գլուխս չոր պատին տալով, սրտի բաբախյունով նորից ընտրում եմ դերասանի մասնագիտությունը, որովհետև այն իմ փրկությունն է, իմն է։ Ատում եմ ֆալշը, ատում եմ այն չակերտավոր դերասաններին, որոնց համար դերասանությունը դերասանություն է։ Դերասանը հոգեբանություն է, ապրելակերպ է, այն կերպն է, որ ցանկացած իրավիճակում պետք է արտիստ լինես և կարողանաս գնահատել, արժևորել աշխատանքդ»,-հավաստիացնում է Նարինեն և հավելում՝ պետք է անցնել դժվարությունների միջով, ինքնահաստատվել և մոխրի միջից վեր հառնել։
Մի առիթով անդրադառնալով կինոարվեստին՝ Ալեքսանյանը նշել է, որ կինոյում իր ժամանակը դեռ չի եկել, սակայն առաջարկներ միշտ են եղել, ԱՄՆ-ում՝ ևս։ Հավատացնում է՝ ինքը եռացող ջրի պես է, բայց ոչ եփ եկած. դեռ համբերատար սպասում է։ Կարծում է՝ դեռ կգա իր ժամանակը։ «Կինոն ինձ համար մի երևույթ է, որի համար պետք է աճել։ Պետք է նաև համապատասխան դեր լինի, որ հասկանամ՝ դա իմն է, ինչպես թատրոնի պարագայում է։ Առաջարկները սիրով մերժելով՝ սպասում եմ նորերին։ Հուսամ՝ դա առաջիկայում կլինի։ Մի ֆիլմի սցենարի եմ ծանոթացել, որի շուրջ շատ լավ ստեղծագործական խումբ է աշխատում, բայց դեռ մանրամասներ չեմ հայտնում»,-նշում է նա։
Վերադառնալով թատրոնին՝ Նարինե Ալեքսանյանը հայտնում է՝ հոկտեմբերի 24-ին Փասադենայում՝ ՀԲԸՄ թատերասրահում, վեց հարյուր հոգու առաջ պետք է խաղա «Շնչառություն» ներկայացումը։ Հույս ունի՝ դա կլինի իր բոլոր որոնումների արդյունքը, իր խոսքը։ Գրական երեկո ևս նախատեսվում է։ Նոյեմբերին Վարուժան Մանուկյանի հետ կներկայացնեն Չարենց, Սևակ, Սահյան. սիրո խոստովանություն կլինի։ Երեկոն կրելու է «Մի գավաթ սեր» խորագիրը։
Չեն մոռանա նաև Հայաստանի հանդիսատեսին։ «Հիմա մեր սեղանին դրված է պիես, որը պետք է խաղանք Վարուժանի հետ։ Ես ավելի քան վստահ եմ, որ խաղալու ենք և՛ ԱՄՆ-ում, և՛ Հայաստանում։ Համոզված եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կարոտած սպասելու է։ Դա պատասխանատու աշխատանք է լինելու։ Պիեսը մի անկյունում սպասում է։ Երբ դու հող ես նախապատրաստում, ամեն բան ժամանակի հետ գալիս է։ Շատ հետաքրքիր գործ է։ Այս ընթացքում շատ պիեսներ կարդացի, մտածեցի, որ այս մեկը շատ հոգեհարազատ է, ասես մեր կյանքը նկարագրի։ Պիեսը կոչվում է «Ամուսնական խաղ»»,-նշում է Նարինե Ալեքսանյանը։
Դերասանուհին կշարունակի որոնումներն օտար երկրում, բայց վստահ է՝ այդ որոնումների արդյունքում գտածը նոր ոգով, նոր շնչով կվերադառնա Հայաստան՝ չմոռանալով իր սիրելի հանդիսատեսին։
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները տրամադրել է Նարինե Ալեքսանյանը