Հայաստան

Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք. նշվում է պալիատիվ օգնության համաշխարհային օրը

2 րոպեի ընթերցում

Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք. նշվում է պալիատիվ օգնության համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկու տարին մեկ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է պալիատիվ օգնության համաշխարհային օրը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ:

Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք և կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն:

Պալիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով` շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով: 

Առողջապահության նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ բժշկական օգնության ծառայության մատուցումը և իրականացվող բարեփոխումները միտված են նաև պալիատիվ բժշկության հետ կապված խնդիրների լուծմանը:

Ներկայումս Հայաստանում լիցենզավորվել է պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 36 բժշկական հաստատություն, որոնցից 15-ում պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (Երևանում և հանրապետության տարբեր մարզերում):

ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում 2022 թվականից գործում է պալիատիվ ծառայության կլինիկա:

ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ում 2021 թվականից գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան: 

Մանկական հիվանդանոցային պալիատիվ ծառայություն գործում է նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում