Եվրոպա

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքի, սոցիալական բնակարանաշինության, սոցիալական արդարության, սոցիալական ծառայությունների թվայնացման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների վերաբերյալ։ Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել է ՀՀ-ում սոցիալական իրավունքների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում կարիքների գնահատման վերաբերյալ իրականացված ուսումնասիրության եզրակացությունները և դրանց հիման վրա մշակված խորհուրդները, ինչին ի պատասխան՝ նախարար Մկրտչյանը խոսել է այդ ուղղություններով արդեն իսկ իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին։  

Նշվում է, որ, կարևորելով ԵԽ հետ համագործակցության դերը, նախարար Մկրտչյանը նշել է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել ոլորտային ռազմավարություններով սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը շեշտել է Ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարություններում ամրագրված գերակայությունների կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս ոլորտների մի շարք ուղղություններով ցանկալի առաջընթաց գրանցել։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման ուղղությամբ ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ՝ կառույցի մանդատի շրջանակում։

Ըստ աղբյուրի՝ գործընկերներն անդրադարձել են նաև Վիլնյուսում տեղի ունեցած «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին,  որոնց իրականացման ուղղությամբ արդեն իսկ արվում են գործնական քայլեր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում