Երևանի բակերում կամայական ծառատունկ չի լինի․ մշակվում է նոր նախագիծ միասնական մոտեցում սահմանելու համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի բակային տարածքներում ծառատունկը կիրականացվի միասնական մոտեցմամբ՝ քաղաքապետարանի կողմից սահմանված հատուկ տեխնիկական պահանջներին համապատասխան։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց, որ քաղաքապետի հանձնարարականով մշակվում է ավագանու որոշման նախագիծ, որով սահմանվելու են տարբեր վարչական շրջանների կլիմայական պայմաններին համապատասխան ծառերի ցանկ՝ ծառատունկ իրականացնելու համար։

«Մենք մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել բակային տարածքներում։ Մենք ուզում ենք գալ հասնել մի ելակետի, որ բակային տարածքներում կանաչապատման գործընթացը բերվի ընդհանուր կարգի, իսկ խնամքն իրականացվի պատշաճ։ Նոր նախագծով, հաշվի առնելով Երևանի կլիմայական զոնավորումը, մեր բնակիչներին, թաղապետարաններին ներկայացնելու ենք ծառատեսակների ցանկ՝ իրենց տեխնիկական բնութագրերով։ Դա նշանակում է, որ այդ վարչական շրջանում ծառատունկ իրականացնելիս պետք է ընտրվեն ծառեր մեր կողմից տրամադրված ցանկից»,-ասաց Արմեն Բեգոյանը։ 

Դա նշանակում է, որ բակերում ծառերի տնկման գործընթացը դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա։ Քաղաքացիները, համայնքապետարանները ծառատունկի ժամանակ չեն կարող կամային լուծումներ տալ։ Այլ այդ գործընթացի հիմքում պետք է դնեն քաղաքապետարանի կողմից սահմանված ծառերի ցանկն՝ իր տեխնիկական բնութագրով։ 

«Երբեմն բնակիչները, ցանկանալով իրենց բակային տարածքներում կանաչ տնկարկներն ավելացնել, որոշում են տնկել ինվազիվ տեսակի ծառատեսակներ, ինչին մենք դեմ ենք։ Սահմանվելու են ծառերի հստակ չափորոշիչներ՝ կապված վարչական շրջանների կլիմայական պայմանների հետ։ Նախապատվությունը տրվելու է այն ծառերին, որոնց օգտակար գործակիցը ավելի բարձր է։ Սրանով մայրաքաղաքում լուծվելու են էկոլոգիայի հետ կապված մի շարք խնդիրներ։ Այն ծառերը, որոնք մեր կողմից կհաստատվեն, իրենց ֆունկցիոնալությունը բավական բարձր է լինելու»,-ասաց Արմեն Բեգոյանը։  

Մինչ այդ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Երևանի բակային տարածքներում իրականացնում է վթարային, տապալման ենթակա, չորացած ծառերի զանգվածային հատման աշխատանքներ։ Այս տարվա համար արդեն նախատեսված է 1200-ից ավելի ծառերի հատում։ Սրանք այն ծառերն են, որոնք կորցրել են իրենց կենսունակությունը և վտանգավոր են դարձել հնարավոր տապալման տեսանկյունից։ Այս տարի արդեն տարբեր գործոնով պայմանավորված ծառերի տապալման 200 դեպք է եղել։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը նշեց, որ այս գործընթացի վերաբերյալ բնակիչների կողմից ևս դրական արձագանք կա։ Շատ  են զանգերն ու նամակներն այն մասին, որ իրենց բակերում ևս հատման ենթակա ծառեր կան։ 

«Բակերի ծառերի ներկայիս վիճակը տասնամյակներ շարունակ ոչ պատշաճ խնամք իրականացնելու հետևանք է։ Հետևաբար` այստեղ նկատելի անելիք ունեն։ Այսինքն՝ հատուկ ուշադրություն պետք է դարձվի խնամքին, պահպանմանը՝ հրավիրելով նաև բնակիչների ուշադրությունը։ Այստեղ ես կցանկանային անդրադառնալ նաև ճանապարհների ծառերի պահպանմանը։ Քիչ չեն դեպքերը, երբ մեքենաներն են բախվում ծառերին, անհատ անձանց կողմից դիտավորությամբ վնասում են ծառերը, ինչպես օրինակ ունեցանք Մաշտոցի պողոտայում։ Մեր հորդորն է քաղաքացիներին ուշադիր լինել և սրտացավությամբ մոտենալ կանաչ տարածքին»,-ասաց Արթուր Խալաթյանը։ 

Առաջիկա անելիքներին անդրադառնալով՝ մասնագետները նշեցին, որ նոյեմբերին սպասվում են սանիտարական էտի աշխատանքներ։  «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի խոսքով, սանիտարական էտը կարևոր ագրոտեխնիկական միջոցառում է ծառերի համար։ 

«Դրա միջոցով ավելանում է ծառերի կենսունակությունը, գեղազարդ տեսքը։ Էտը բավական բարդ ու լուրջ ուսումնասիրություններ պահանջող աշխատանք է։ Տարիներ շարունակ ծառերը նորմալ չեն ոռոգվել, պատշաճ էտ չի կատարվել։ Այսօր մենք մասնագիտական մոտեցում ենք տալիս այդ գործընթացին և հորդորում ենք քաղաքական տարբեր ուժերին մանիպուլյացիաներ չանել, թողեն աշխատենք։ Կրկնում եմ, մենք մասնագիտական կառույց ենք, մեր գործողությունները հիմնավորված են։ Մի գործողություն, որ անում ենք, 10 անգամ չափում ենք»,-ասաց հավելեց Արծվի Գրիգորյանը։  

 

Հայերեն

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր