Հայտարարվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու գործում ցուցաբերած ջանքերի համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։

«Ատոմային ռումբի հարվածից Հիրոսիմայից և Նագասակիից փրկվածների այս շարժումը, որը նաև հայտնի է որպես Հիբակուշա, ստանում է Խաղաղության մրցանակ՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու իր ջանքերի համար և վկաների ցուցմունքների միջոցով ցույց տալու համար, որ միջուկային զենքն այլևս երբեք չպետք է կիրառվի», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Միևնույն ժամանակ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովն ընդգծել է «մեկ հուսադրող փաստ»՝ շուրջ 80 տարվա ընթացքում ոչ մի միջուկային զենք պատերազմում չի օգտագործվել: Ըստ հաղորդագրության՝ «Նիհոն Հիդանկյո»-ի և Հիբակուշայի այլ ներկայացուցիչների արտասովոր ջանքերը «մեծապես նպաստել են միջուկային տաբուի հաստատմանը»։

Հաջորդ տարի կնշվի ԱՄՆ-ի կողմից  Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության 80-րդ տարելիցը։ Ատոմային երկու ռումբերն ավելի քան 120 000 մարդու կյանք են խլել։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ միջուկային երկրներն արդիականացնում են իրենց զինանոցը և սպառնում ընթացիկ պատերազմներում միջուկային զենք կիրառել։ Նոբելյան հանձնաժողովը հիշեցնում է, որ ատոմային ռումբերը երբևէ ստեղծված ամենաավերիչ զենքերն են։

Նոբելյան շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 10-ին Գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել հարավկորեացի հեղինակ Հան Կանին՝ «նրա բուռն բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:  

Մշակույթ

Հայտնի է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Հոկտեմբերի 9-ին հայտարարել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները։ Մրցանակը կիսել են Դեյվիդ Բեյքերը՝ Սիեթլի Վաշինգտոնի համալսարանից, «սպիտակուցի հաշվողական նախագծման համար», ինչպես նաև Դեմիս Հասաբիսը և Ջոն Մ. Ջամփերը՝ Google Deep Mind ընկերությունից, «սպիտակուցի կառուցվածքի կանխատեսման համար»։  

Գիտություն

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է սպիտակուցների կառուցվածքի ուսումնասիրության համար

Հոկտեմբերի 8-ին հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները։ Մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ «արհեստական նեյրոնային ցանցերի օգտագործմամբ մեքենայական ուսուցման հիմքում ընկած հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար»։

Իսկ հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել է գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։ 

Գիտություն

Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է միկրոՌՆԹ-ների հայտնաբերման համար

Հայերեն Русский Türkçe

Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հնդկաստանի երեք քաղաքներում հանդես է եկել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարով

Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Բուհ-մասնավոր հատված համագործակցություն․ Երեմյան ընկերությունը ԵՊՀ-ում բացեց հատուկ լաբորատորիա

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

ՍԴՀԿ 23-ՐԴ համագումարը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը լինելու է Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման գործընթացի ակտիվ գործընկեր. Moldpres

Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA

Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/09/26