Հայաստան

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկ վճարողների կողմից անկանխիկ եղանակով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հետ կապված տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկումների ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից հավաստիացվել է, որ ՀՀ առևտրային բանկերում գործընթացի մեկնարկային փուլում ժամկետների մասով արձանագրված խնդիրները ներկայումս բացակայում են:

Հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգավորումները` Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է բոլոր այն հարկ վճարողներին, որոնց մոտ դեռևս ակտիվացված չէ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման գործառույթը, ինչպես նաև ունեն ՀՀ առևտրային բանկերին ներկայացված դիմումներ՝ հետևողական լինել գործընթացն ավարտին հասցնելու հարցում:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակում, ՀՀ առևտրային բանկերին միայն դիմում ներկայացված լինելու փաստը, հաշվի չի առնվելու որպես բարենպաստ հանգամանք:

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում