Դավիթ Սամվելյանի վեպը՝ հայացք դեպի ներս. «Մոռացված երկրի զանգերը» շուտով կներկայացվի ընթերցողի դատին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթ Սամվելյանի «Մոռացված երկրի զանգերը» վեպի գլխավոր հերոսը հեղինակի պապն է, որն ամբողջ կյանքում փորձում է հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները, փորձությունները հանուն երազանքի։ Այդ դժվարին ուղին ծավալվում է մի փոքրիկ գյուղից մինչև մեծ քաղաք։   

Վեպում նկարագրված են 20-րդ դարում Նախիջևանում տիրող միջէթնիկ հարաբերությունները, նախապատերազմական և հետպատերազմական կյանքի դժվարությունները, փոփոխություններն ու լարվա­ծությունը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Սամվելյանը նշում է՝ վեպի գաղափարը ծնվել է երեք տարի առաջ։ «Մտածում էի փոքր պատմվածք գրե՞լ, թե՞ վեպ, բայց հասկացա, որ ծավալը թե՛ ժամանակագրական, թե՛ նյութի բովանդակության, ասելիքի առումով այնքան բազմաշերտ է, հագեցած, որ կառուցվածքով վեպ պետք է դառնա։ Գրելու ընթացքը տևել է երեք տարի»,-ասում է հեղինակը։

Սամվելյանն ինքն իրեն հարցրել է, թե վեպն ինչով կարող է հետաքրքրել մարդկանց։ Գիրքը ժամանակագրական առումով անդրադառնում է 1930-1988 թվականներին։ Վեպում վավերագրություն կա Նախիջևանի դեպքերի մասին, ակնարկներ՝ այնտեղի հուշարձանների, հայերի և ադրբեջանցիների հակասությունների վերաբերյալ։ «Այդ նյութերը մանրամասն ուսումնասիրելիս հասկացա, որ բան չի փոխվել։ Այն խնդիրները, որ առկա են եղել այդ տարիներին, ակտուալ են նաև այսօր։ Գրքում ներկայացված տարիներին Նախիջևանում տեղի ադրբեջանական իշխանությունները մարդկանց համար այնպիսի պայմաններ են ստեղծել, որ նրանք ուսում ստանալու, աշխատելու համար գան Հայաստան։ Ամեն ինչ արվել է, որ հայն իրեն լավ չզգա, ինչի հետևանքով 1988-ի իրադարձություններն են ծավալվել։ Վեպն ավարտվում է 1988-ի շարժումով, հերոսի այն տողերով, որ իր հայրենի Նախիջևանից կրակում են Հայաստանի վրա, իսկ Հայաստանում մարդիկ համերգ են վայելում»,-պատմում է Սամվելյանը։  

Հեղինակը համերգի հատվածը հատուկ է ընդգծել, քանի որ մեր օրերում հաճախ է լսում այն արտահայտությունը, որ մինչ երկրում լարված է, մարդիկ Սարյան փողոցի կամ Կասկադի հատվածի սրճարաններում ժամանց են անցկացնում։ Նա ցանկացել է հիշեցնել, որ առաջ ևս այդպես է եղել։ 

«Եթե վերանաս տեղից ու ժամանակից,  կտեսնես, որ վեպում նկարագրված ոչ միայն քաղաքական, պատմական դեպքերը, այլև մարդկանց ներաշխարհի խնդիրները արդիական են նաև այսօր։ Իսկ ինչո՞ւ մոռացված երկիր։ Մինչ օրս թեմային վերաբերող գեղարվեստական ստեղծագործություն չի եղել, չի հրատարակվել գեղարվեստական գործ, որում նկարագրվող դեպքերի մեծ մասը կատարվի Նախիջևանում կամ հերոսը այդտեղի ծնունդ լինի։ Վավերագրական գրքեր եղել են։ Արգամ Այվազյանն է անդրադարձել Նախիջևանի պատմամշակութային հուշարձաններին և այլն, սակայն գեղարվեստական երկ հայ իրականության մեջ չի եղել»,-նշում է նա։ 

Գլխավոր հերոսը Դավիթ Սամվելյանի  պապն է, սակայն գրողը նրան անմահացնելու կամ հայտնի դարձնելու նպատակ չի ունեցել։ Փորձել է հնարավորինս զերծ մնալ անձնական և սուբյեկտիվ մոտեցումներից։ Չի ստեղծել իդեալական կերպար, նկարագրել է սովորական մարդու, որն իր կյանքի ընթացքում տարբեր իրադարձությունների ականատես է եղել։ 

«Գրքում կա նաև ադրբեջանցու կերպար, որին հայ է որդեգրում, ինչի պատճառով ադրբեջանցիները նրան չեն ընդունում, կա այլ ադրբեջանցու կերպար, որը ցանկանում է սպանել այդ հերոսին և այլն։ Փորձել եմ ցույց տալ, որ լավ կամ վատ մարդ լինելն ազգությունից կախված չէ»,-հավաստիացնում է նա։ 

Գրողի խոսքով՝ պատմական դեպքերի նկարագրության առումով գիրքն անխոցելի է։ Ասում է՝ միլիմետրով է ճշտել փաստերը։ «Կյանքում շրջադարձ անելու, դեպի լավը փոխվելու համար նախ հարկավոր է անցյալը վերլուծել և փորձել սխալները չկրկնել թե՛ որպես անհատ, թե՛ որպես հասարակություն։ Հաճախ եմ լսում այն արտահայտությունը, որ առաջ այսպես չէր։ Եղբա՛յր, ցավոք սրտի, առաջ էլ է այսպես եղել, շատ հարցերի շուրջ նույն կերպ ենք մտածել։ Այս գիրքը հայացք է դեպի ներս»,-շեշտում է հեղինակը։ 

Սամվելյանը կարծում է՝ գրականությունն ընթերցողներին իրականության հետ առերեսելու առաքելություն ունի։  Թե մարդը որքանով կփոխվի, այնքան էլ կախված չէ այդ ստեղծագործությունից։ Ստեղծագործությունը մարդուն հնարավորություն է տալիս, սակայն պետք է փոխվելու կամ ավելի լավը դառնալու, վատից ազատվելու կամք ունենալ։ 

Վեպը բաղկացած է երեք մասից. առաջին մասը պատմում է հերոսի՝ Արամի դպրոցական տարիներից մինչև պատերազմի տարիները շրջանի մասին, երբ պատանու երազանքներն ի չիք են դառնում։ Երկրորդ հատվածը պատերազմական քրոնիկոն է։ Հերոսը գերի է ընկնում։ Նկարագրվում է գերմանացիների վերաբերմունքը գերիների նկատմամբ և նրա փախուստը, իսկ գրքի երրորդ մասում նրա վերադարձն է։ «Նշում եմ՝ որքան էլ մենք պատերազմում հաղթել էինք և մեծ ներդրում ունեինք այդ գործում, տեղի բնակչության վիճակը չէր լավանում։ Հատված կա, երբ Բաղրամյանն է այցելում Ցղնա գյուղ և միայն նրա միջամտությունից հետո է գյուղում զոհվածների հիշատակին հուշարձան կառուցվում, որը 1988-ին ջարդուփշուր են անում։ Երբ Արամը հասուն տղամարդ է դառնում, ցանկանում է իր նպատակներն իրագործել և չի կարողանում  գյուղում ապրել, ամուսնանում է, գալիս է Երևան։ Այստեղ և՛  քաղաքային, և՛ գյուղական կյանքն են։ Ակնհայտ են իրադարձությունների, ստեղծված պայմանների ազդեցությունները մարդկային ճակատագրերի վրա»,-մանրամասները պատմում է Սամվելյանն ու տեղեկացնում՝ Ցղնան Կոմիտասի պապի գյուղն է եղել։ Նա այնտեղ է ապրել մինչև Քյոթահիա տեղափոխվելը։ 

Խոսելով զանգերի մասին՝ հեղինակն ասում է՝ զանգերի թեման գրքում անցնում է կարմիր թելի պես. առաջնայինը գյուղի եկեղեցու զանգն է, որը խորհրդային տարիներին հանում են և կախում գյուղի բուլվարում։ Այն հնչում է, երբ չոբանն անասուններին սար է տանում, երբ լավ կամ վատ դեպք է պատահում և այլն։ Այն ահազանգ է, կոչ և այլն։

Դավիթ Սամվելյանի «Մոռացված երկրի զանգերը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին «Զանգակ» գրատանը։  

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Դավիթ Սամվելյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից  

Հայերեն

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում