Հայաստան

ՆԳ նախարարի տեղակալն ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարի տեղակալն ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է հիմնադրամի՝ որպես հուսալի և կառուցողական գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում: Նա, մասնավորապես, ընդգծել է 1800 համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման համար համատեղ իրականացված աննախադեպ վերապատրաստումները և վստահություն հայտնել, որ դրան հաջորդող ընդլայնված վերապատրաստումները թույլ կտան համայնքային ոստիկանության բարեփոխումների համար ինստիտուցիոնալ կարողություններ ձևավորել։ 

Փոխնախարարն անդրադարձել է նաև ՆԳՆ ենթակա ծառայությունների բարեփոխումներին, օրենսդրական նախաձեռնություններին և համագործակցության ընդլայնման ուղիներին։

ՄԱԿ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ողջունել է ՆԳՆ բարեփոխումների ընթացքն ու հաջողությունները։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունն ու ընդլայնել այն՝ հավելելով, որ ՆԳՆ ոլորտային բարեփոխումները կարող են ծառայել որպես միջազգային օրինակելի փորձ։

Հանդիպմանը քննարկվել են ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը, միգրացիոն կառավարման բարեփոխումներին, Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացմանը, «Սեյֆ յու» հավելվածի օպերատիվ կիրառմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում