Մշակույթ

Մատենադարանն ապացուցել է, որ իր ոլորտի առաջատարն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

Մատենադարանն ապացուցել է, որ իր ոլորտի առաջատարն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային, մասնավորաբար՝ գրավոր ժառանգության անվտանգության համա­կարգի կատարելագործումը մերօրյա հրամայականներից է, հետևաբար ՀՀ կառավարությունը՝ ի դեմս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մեծապես կարևորում է ոլորտի զարգացումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մատենադարանում մեկնարկած «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական եռօրյա սեմինարի մասնակիցներին հղած ուղերձում: 

«Նախագիծը, որը հիմնադրվել է 2012 թվականին, իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության, ձեռագրերի պահպանման և վերականգնման մասնագետների՝ դառնալով մեծ աշխատանքային հարթակ ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու, դրանց լուծումներն առաջարկելու և մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով միմյանց հետ կիսվելու համար։ Համոզված եմ, որ մշակութային, մասնավորաբար՝ գրավոր ժառանգության անվտանգության համակարգի կատարելագործումը հնարավոր է միայն միջազգային սերտ համագործակցության շնորհիվ՝ վերականգնման ոլորտի թռիչքաձև զարգացումներով, ինչն իր հերթին մղում է վերականգնողների մասնագիտական հմտությունների հետևո­ղական և շարունակական կատարելագործման»,- նշել է Անդրեասյանը։ 

Նախարարի խոսքով՝ գրավոր ժառանգության պահպանման մայր կառույցը՝ Մատենադարանն, ապացուցել է, որ այն ոլորտի առաջատարն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն բազային կազմակերպություն է հանդիսանում ԱՊՀ երկր­ների համար, իսկ վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է նաև այլ երկր­ներում պահվող ձեռագրերի վերականգնմանը: 

«Մասնավորաբար, ուզում եմ նշել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Իրաքի Էրբիլ քաղաքում վերականգնման ոլորտի կայացման գործում Մատենադարանի դերն ու նշանակությունը։ Մատենադարանի վերականգնողների ջանքերով են վերականգնվել և վերականգնվում Երուսաղեմի, ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր քաղաքներում պահվող գրավոր կոթողները»,- իր ուղերձում տեղեկացրեց Անդրեասյանը։   

Նախարարը լուրջ նվաճում համարեց Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ, պետական և մասնավոր հատվածների աջակցությամբ բացվող կենսաքիմիական լաբորատորիան և հույս հայտնեց, որ սեմինարը նոր խթան կհանդիսանա միջազգային համագործակ­ցության ընդլայնման համար՝ իր շուրջ համախմբելով ոլորտի լավագույն մասնա­գետներին։ 

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում