Կառավարությունը փոփոխություն է կատարում գիտական կադրերի ատեստավորման կարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս փոփոխության նպատակն է կարգով սահմանված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցումը, որպեսզի ատեստավորման ժամանակ, որը նախատեսված է իրականացնել 2026 թվականի ավարտին, առավելագույնս խուսափենք տարընթերցումներից և որոշակի ոչ միանշանակ գործողություններից»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն միջազգային գիտական շտեմարաններում տեղ գտած հրապարակումների պահանջները, որոնք սահմանվում են գիտական աշխատանքի որակյալ գրախոսման և միջազգային ճանաչելիության ապահովման համար։ Բացի այդ, կարգավորվում է համարժեքությունների համակարգը, համաձայն որի՝ գիտական հոդվածներն ամբողջությամբ չեն կարող փոխարինվել մենագրություններով։
«Գիտական հոդվածների հրապարակումը որոշակի չափով կպահպանվի որպես պարտադիր պայման։ Հստակեցվում են մասնակի ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտաշխատողներին ներկայացվող պահանջները։ Հայագիտության և հումանիտար գիտությունների համար սահմանվում են առանձնահատկություններ՝ հաշվի առնելով այս ոլորտների հետազոտական յուրահատկությունը։
Առաջիկա ատեստավորման համար ցածր տարակարգային պաշտոնների պահանջները վերաձևակերպվել են 5 տարվա փոխարեն 2/5 չափով՝ հաշվի առնելով ընթացիկ ժամանակահատվածը»,-եզրափակեց Ժաննա Անդրեասյանը։