Մշակույթ

Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն» հոդվածների ժողովածուն

4 րոպեի ընթերցում

Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն» հոդվածների ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գիտության և արվեստի թանգարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Արդի դեմիրճյանագիտություն» ժողովածուի շնորհանդեսը։ Այն ընդգրկում է ժամանակակից գիտնականների դեմիրճյանագիտական հոդվածները և դասականի՝ մինչ օրս անտիպ երկեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածների ժողովածուն Դերենիկ Դեմիրճյանի մասին բացահայտումների շարք է։ Գրքում զետեղված են Դեմիրճյանի կատարած աշխատանքները՝ որպես մտավորական, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչ, անգամ նկարիչ։ 

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը բացման խոսքում իր շնորհակալությունը հայտնեց ժամանակակից բոլոր այն գիտնականներին, որոնք իր կողքին են եղել ժողովածուի ստեղծման ճանապարհին։



Կարինե Ռաֆայելյան

Գրքում տեղ են գտել Դեմիրճյանի հեղինակած ծաղրանկարները, որտեղ ծաղրանքի են ենթարկվում հասարակության մեջ տարածված արատները։ 

«Գիրքը կենդանի էակ է. այն ավելի թանկ է դառնում խմբագրումից մինչև տպարան ճանապարհին,- ասաց գրքի խմբագիր Մարգարիտ Խաչատրյանը։- Գրքի ստեղծման ընթացում եղել են հուսահատությամբ լի օրեր, երբեմն անգամ անհրաժեշտ է եղել ամեն բան սկսել զրոյից»:


Մարգարիտ Խաչատրյան

Գիրքն ապացուցում է այն, որ Դեմիրճյանը 150 տարի անց էլ ունի ասելիք։

«Փաստ է, որ բոլոր հոդվածներում կա այսօրվա ցավը, սակայն երբ ձանձրանաք տխուր մտորումներից, հնար կունենաք ծիծաղել Դեմիրճյանի հետ»,- նշեց Մարգարիտ Խաչատրյանը։


Աելիտա Դոլուխանյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ընդգծեց, որ Դեմիրճյանն այնպիսի հեղինակ է, ում ասելիքը պիտի անցնի դարեդար և չսպառի իրեն։

«Երբ սկսեցի կարդալ գիրքը, հասկացա, որ ամբողջովին նորություն է. սա կարևորագույն փաստաթուղթ է»,- հավաստեց Աելիտա Դոլուխանյանը։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանն ասաց, որ թատերագիտության ոլորտում Դեմիրճյանը շատ մեծ դեր է ունեցել։ «Ես հանկարծ պարզեցի, որ Դեմիրճյանը ավելի խորն է, քան ես պատկերացնում էի։ Նրա հերոսները այնքան խաղային են, որ կարելի է հենց այդպես ներկայացնել նրանց»։


Համո Սուքիասյան

Արխիվում փաստաթղթեր ուսումնասիրելիս պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը բացահայտել է Դերենիկ Դեմիրճյանի հասարակական-քաղաքական կյանքը։

«Իմ առաջին հոդվածը վերաբերում է Դեմիրճյանի 1917-1920 թվականների հասարակական-քաղաքական գործունեությանը։ Նա եղել է ՀՅԴ անդամ և 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի նախօրյակին ժողովրդին մարտի կոչ է արել»։

Համո Սուքիասյանը հետաքրքրաշարժ է համարում Դերենիկ Դեմիրճյանի ծավալած պաշտոնական գործունեությունը 1920 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին՝ որպես ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարարության արվեստների բաժնի վարիչ (մշակույթի փոխնախարար). «Հետաքրքիր է, որ Դեմիրճյանը իր ինքնակենսագրություններում խուսափել է այս ամենի մասին խոսել՝ զգուշավորությունից ելնելով»։

Հանդիպման ընթացքում խոսքով հանդես եկան նաև գրքում տեղ գտած հոդվածների այլ հեղինակներ։

Միջոցառման ավարտին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը հայտնեց, որ նախատեսում են գրողի 150-ամյակին հրատարակել ևս մեկ գիրք։

Հեղինակներ՝ Նարինե Ղալամյան, Մանե Մնացականյան

Լուսանկարները՝ Նարինե Ղալամյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում