Ինովացիա

Հարթակ՝ միտված փոքր և միջին ձեռնարկությունների հզորացմանը. Monytee-ն ԴիջիԹեք-ում ներկայացրեց իր հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հարթակ՝ միտված փոքր և միջին ձեռնարկությունների հզորացմանը. Monytee-ն ԴիջիԹեք-ում ներկայացրեց իր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Monytee-ն բոլորը մեկում հարթակ է, որը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների հզորացման համար՝ պարզեցնելով նրանց անցումը թվային առևտրին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին ԴիջիԹեք-ի բացմանը ստարտափի մասին մանրամասներ հայտնեց «Մաթեմատ» ընկերության հիմնադիր և Monytee-ի գաղափարի հեղինակ Վարդան Թորոսյանը։ 

Նրա խոսքով՝ ստարտափի միջոցով տարբեր ընկերություններ վաճառքի հետ կապված բոլոր գործընթացները կարող են իրականացնել էլեկտրոնային լուծումների միջոցով։ «Արդեն հարկավոր չէ ՀԴՄ կտրոն տպել ընդունված ձևով, ապրանքը վերադարձնել, իսկ գումարը տաքսու միջոցով ուղարկել։ Սա համակարգ է, որտեղ բիզնեսը բացում է բանկային հաշիվ, այն կցում է մեր համակարգին և արդեն կարող է վաճառքներ անել, գումարներ ստանալ և այլն»,-պատմեց Թորոսյանը։

Նա հատկապես կարևորեց այն փաստը, որ համակարգը կոդավորում չի պահանջում և այն առանց կոդի միանում է բանկին, «Իդրամ»-ին, «Թել-Սել»-ին և այլն։ 

Համակարգը նախատեսված է ցանկացած ընկերության համար, որը ցանկանում է առցանց վաճառքներ իրականացնել։ «Շեշտում ենք, որ այն նախատեսված է հիմնականում փոքր և միջին ձեռնարկությունների համար, քանի որ այդ ընկերությունները տեխնիկական, ֆինանսական մեծ հնարավորություններ չունեն։ Նրանք երբեմն ստիպված են կայք ստեղծել, որը հետո դժվարություններով պետք է միացնեն բանկերին, որոշ ժամանակ անց այն կարող է հնանալ և չաշխատել։ Այս համակարգի պարագայում նման խնդիր չկա։ Կարող ես գրանցել քո նախագիծը, կարող ես ունենալ մեկից ավելի նախագծեր, բիզնեսներ, ամեն մի բիզնեսը կարող է միանալ մի քանի բանկի։ Օրինակ, ռեստորանը Monytee-ի կիրառման պարագայում կարող է ստանալ ամրագրումների գումարը և այլն։ Բաժանորդագրություններ կան, որոնց միջոցով կարող է պարբերական վճարումներ անել։ Համակարգը նաև նվիրատվության հնարավորություն է տալիս»,-շեշտեց նա։ 

Վարդան Թորոսյանը հավաստիացրեց, որ իրենց հետ համագործակցողները գոհ են արդյունքից։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում