Ինովացիա

B2B Easy-Auction-ը կհեղափոխի գնումների գործընթացները տեխնոլոգիաների միջոցով

2 րոպեի ընթերցում

B2B Easy-Auction-ը կհեղափոխի գնումների գործընթացները տեխնոլոգիաների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  B2B Easy-Auction-ը, որն աճուրդների իրականացման հեշտ, թափանցիկ և արագ հարթակ է, նոր հնարավորություններ կընձեռի ընկերություններին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԴիջիԹեք-ի շրջանակում ներկայացված հարթակը փոխակերպում է գնումների գործընթացը նորարարական տեխնոլոգիաների միջոցով՝ բիզնեսին առաջարկելով արդյունավետություն, թափանցիկություն և անվտանգություն յուրաքանչյուր գործարքում՝ միաժամանակ ապահովելով խնայողություններ գնորդների համար և շահութաբերություն վաճառողների համար։

B2B Connection ընկերության հիմնադիր, B2B Easy-Auction-ի գաղափարի հեղինակ Կարեն Ներսիսյանի խոսքով՝ բոլոր ընկերությունները` անկախ նրանից մեծ են, թե փոքր, հարուստ են, թե աղքատ, ընթացիկ գնումներ են կազմակերպում և իրականացնում։ 

«Բոլորի մոտ հարց է առաջանում՝ արդյոք գնումները լավ տեղից ե՞ն կատարել, գնել են էժա՞ն, թե՞ թանկ ապրանք, որքա՞ն ժամանակ են ծախսել և այլն։ Որոշեցինք այդ ամենը կրճատել, խնայել ու մեկ հարթակում ներկայացնել ու գնային քաղաքականությունը նայել։ Ի՞նչ ենք մենք անում։ Եթե մեծ կամ փոքր ընկերությունը ցանկանում է  որևէ տնտեսական ապրանք գնել, օրինակ՝ հազար տուփ անձեռոցիկ, մեր հարթակում հանգիստ նշում է, որ իրեն հարկավոր է հազար տուփ անձեռոցիկ, նշում մեկնարկային գինը՝ հազար դրամ, և բոլոր այն վաճառողները, որ ունեն այդ անձեռոցիկները, գինը իջեցնելով սկսում են մասնակցել աճուրդի։ 48 ժամը լրանալուց հետո աճուրդն ավարտվում է ամենացածր գնով»,-պատմեց Ներսիսյանը։ 

Ըստ նրա՝ դա լուծում է երկու խնդիր՝ մի կողմից ընկերություններին հնարավորություն է տալիս կարճ ժամկետում ռեսուրս խնայելով իրենց գնումները կատարել, մյուս կողմից փոքր և միջին ընկերություններին առիթ է ընձեռում աշխատել խոշորների հետ։ «Փոքր ընկերությունը, որը չէր կարող երազել խոշոր ընկերության հետ ուղիղ հաղորդակցման մասին, մեր միջոցով կարող է  նրա հետ ուղիղ վաճառք իրականացնել։ Ծրագիրը հավանաբար նոյեմբերի վերջին կմտնի շուկա, սակայն նախնական մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»,-եզրափակեց Կարեն Ներսիսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում