Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է. պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է 23 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման գործող շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին:
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման արդյունքում ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում ՀՀ մշտական ներկայացուցչությունները: