Հայաստան

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Տաջիկստանի գործընկերոջը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Տաջիկստանի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան ընդունել է Տաջիկստանի գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:

Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումը՝ ուղղված երկու երկրների դատախազությունների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի քննարկմանը:

Տաջիկստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու  իր պատրաստակամությունը: Այս համատեքստում Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդի կողմից առաջարկվել է քննարկել փորձի փոխանակման նպատակով երկու երկրների դատախազությունների միջև իրավական համագործակցության փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է 2007 թվականին:

Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում