ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակի առթիվ հոկտեմբերի 3-ին տվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով գիտաժողովի մեկնարկը։
Երկօրյա գիտաժողովը, որի նպատակն է կարևորել ժառանգության պահպանման առանցքային դերը կայուն զարգացման խթանման և հավաքական ապագայի հարստացման գործում, իր շուրջ է համախմբել աշխարհի 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 100 մասնագետի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովի մեկնարկին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով ներկաներին, ասաց՝ միջոցառումը կոչված է վերհանելու գրական ժառանգության պահպանության և զարգացման նոր ուղիները։ «Նախարարությունը կարևորում և մշտապես քաջալերում է միջմշակութային երկխոսությունը և գործնական նոր կապերի հաստատումը։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս գրադարանների և գրադարանային գործունեությանը հայ հասարակության կյանքում և մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոլորտի զարգացումը. կատարվում են շարունակական աշխատանքներ գրադարանների վերազինման, կապիտալի արդիականացման և օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ»,-շեշտեց նա։
Վերադառնալով գիտաժողովին՝ փոխնախարարն ընդգծեց, որ, տեսնելով մասնակիցների քանակը և հետաքրքրվածության աստիճանը, վստահ է՝ այն կրելու է շարունակական բնույթ: «Համոզված եմ, որ այս գիտաժողովի ընթացքում կայանալիք քննարկումները կլինեն հետաքրքիր և օգտակար, իսկ մթնոլորտը` նպաստավոր նոր գաղափարների առաջացման համար»,-եզրափակեց Քոչարյանը։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հավաստիացրեց՝ ազգային գրադարանն ավելին է, քան պարզապես գրքերի շտեմարանը։ «Այն հայ ժողովրդի ձգտումները, պայքարն ու հաղթանակներն արտացոլող կենդանի և շնչող հաստատություն է, որը հիմնադրման օրից անցել է պատմության փորձությունների միջով, եղել է առաջին հանրապետության ծաղկման ու անկման, պատերազմների շփոթի ու արդիականության մարտահրավերների ականատեսը՝ միշտ մնալով գիտելիքը պահպանելու և տարածելու առաքելությանը հավատարիմ»,-ասաց տնօրենը։
Ըստ նրա՝ անցած 105 տարում գրադարանի ձեռքբերումները քիչ չեն, որոնք նպաստել են կառույցի՝ որպես առաջատար մշակութային հաստատության կայացմանը։ «Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխվել է, և գրադարանն այդ վերափոխումն ընդունել է մեծ պատասխանատվությամբ։ Հայաստանի ազգային գրադարանը կանգնած է նոր հետազոտությունների շեմին. այն դառնում է հետազոտությունների և կրթության կենտրոն՝ խթանելով համագործակցությունն ու մտավոր փոխանակումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով»,-ընդգծեց տնօրենը։
Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ գրադարանը մեկնարկել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովների շարքը՝ հաստատելով հավատարմությունն իր առաքելությանն ու ռազմավարությանը։
Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական և հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։
Ավանդույթի համաձայն՝ գրադարանը համագործակցության հուշագրեր է կնքում տարբեր ազգային գրադարանների հետ: Այս տարի համաձայնագիր է կնքում Սլովենիայի ազգային և համալսարանական, Բուլղարիայի ազգային գրադարանների հետ՝ լուրջ համագործակցության հիմք դնելով։
Գիտաժողովի բացմանը մեկնարկեց նաև «Խիզախ նոր աշխարհ» խորագրով լիագումար նիստը՝ նվիրված գիտելիքի և տեղեկատվության ստեղծման, իրացման, տարածման գործում արհեստական բանականության մարտահրավերներին։ Նիստի գլխավոր խոսնակներն են Քրիս Դը Լուֆը՝ Բելգիայի թագավորությունից, Նիլս Փիթեր Թոմասը, որը Springer nature հրատարակչության արհեստական բանականության հրատարակությունների տնօրենն է, Arloopa ընկերության տնօրեն Արման Աթոյանը, պրոֆեսոր Մոլի Ֆրիմանը՝ Ամերիկյան համալսարանից:
Գիտաժողովի աշխատանքն ընդգրկում է 12 նիստ հետևյալ ուղղություններով՝ հայկական ժառանգության պահպանում և հանրահռչակում. հայկական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման ռազմավարություններ և նախաձեռնություններ տարբեր երկրներում, ազգային ժառանգության պահպանում և հանրահռչակում. ավելի լայն քննարկումներ տարբեր մշակույթների ու ազգերի միջև ազգային ժառանգության պահպանման վերաբերյալ, թվային բովանդակության կառավարում. գրադարաններում և մշակութային հաստատություններում թվային հավաքածուների կառավարման ու պահպանման լավագույն փորձը, կառավարում և մասնագիտական զարգացում. գրադարաններում և ժառանգության հաստատություններում կառավարչական ու մասնագիտական հմտությունների զարգացում, ընթերցանության խթանում. ընթերցանության սովորությունները և գրագիտությունը խթանելու նախաձեռնություններ ու ռազմավարություններ, մատենագիտություն. մատենագիտական գրառումներ կազմելու և պահպանելու նորարարություններ, առաջընթաց ու մեթոդաբանություններ: