Մշակույթ

«Ohannes Tchekidjian: Life and Career» անգլալեզու գիրքը նոր շնչով կներկայացնի Հովհաննես Չեքիջյանի կյանքի վառ դրվագները

7 րոպեի ընթերցում

«Ohannes Tchekidjian: Life and Career» անգլալեզու գիրքը նոր շնչով կներկայացնի Հովհաննես Չեքիջյանի կյանքի վառ դրվագները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ohannes Tchekidjian: Life and Career» անգլալեզու աշխատությունը նորովի կբացահայտի ՀՀ ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի կյանքն ու գործունեությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում։

Գրքի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն է։  Նա ավելի քան 15 տարի աշխատել է աշխատության շուրջ։ «Երկար տարիներ զբաղվում եմ մաեստրոյի կատարողական արվեստի ուսումնասիրությամբ, սակայն առաջին անգամ է, որ օտարալեզու ընթերցողին ուղղված աշխատություն եմ հրատարակում։ Եթե ասեմ, որ գրքով սպառել եմ նյութը, ճիշտ չի լինի։ Այս աշխատության տպագրությունից հետո երկու տարբեր հոդվածներ եմ տպագրել, որոնցից մեկը Մոսկվայում՝ կապված մաեստրոյի գործունեության  ռոստովյան էջի հետ և մյուսը շուտով կհրատարակվի Գրոզնիում։ Այն կապված է նրա բելառուսական համերգային գործունեության հետ»,-ասաց Ասատրյանն ու հավելեց՝ ուսումնասիրությունները շարունակվելու են, որովհետև որքան շատ ես ուսումնասիրում Չեքիջյանի գործունեությունը, այնքան տեսնում ես, թե ինչ բազմաշերտ է այն, իսկ հետազոտելու ծալքերը շատ են։

Ասատրյանը կարծում է՝ անգամ գիտական աշխատությունները պետք է հասկանալի և հասանելի լինեն ընթերցողների լայն շրջանակի համար։ «Մենք պարտավոր ենք ամենաբարդ բաների մասին գրել ամենապարզ լեզվով։ Ես ձգտում եմ իմ հետազոտություններում այդ սկզբունքին հավատարիմ մնալ։ Եթե մարդու, հետազոտողի ուղեղում քաոս է, նրա գրածը կարդալն էլ անհասկանալի է, իսկ եթե հստակ գիտես, թե ինչ ես գրում, մատչելի է ստացվում, ուստի այս գիրքն ուղղված է և՛ մասնագետներին, երաժշտագետներին, և՛ կատարողներին ու երաժշտասերներին»,-եզրափակեց Ասատրյանը։ 

Հովհաննես Չեքիջյանը, որը նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր, հասցրել է ծանոթանալ աշխատությանը։ Խոստովանում է՝ ուրախ է, որ իր մասին նման գիրք է հրատարակվել և ներկայացվում է պատմական դահլիճում, որտեղ շատ լուրջ հարցեր են քննարկվում։ Ըստ դիրիժորի՝ ամեն մարդ չէ, որ նման պատվի կարժանանա։ «Գրքի հեղինակը շատ ուժեղ է, քանի որ իմ կենսագրությունն ինձնից ավելի լավ գիտի։ Ես շատ երախտապարտ եմ, որ Ասատրյանն իր ժամանակը տրամադրեց այս գրքի ստեղծմանը։ Ես չեմ լինի, բայց գիրքը կլինի»,-շեշտեց մաեստրոն։ 

Խոսելով իր կենսագրության ամենանշանակալի էջի մասին՝ Չեքիջյանն ասաց. «Շատ բան կա նշանակալի, բայց ես ամբողջ կյանքում ձգտել եմ, որ ինձ հարգեն որպես մարդու, ոչ միայն որպես արվեստագետի, ուստի այն ժամանակահատվածը, երբ ես Սովետական Միության գերագույն խորհրդի անդամ էի, իմ կյանքում նշանակալի եմ համարում»։ 

Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հովհաննես Չեքիջյանին մաեստրոների մաեստրո է համարում։ «Չեմ կարծում, որ մեր հանրապետությունում լինի մի դիրիժոր, որը Հովհաննես Չեքիջյանին որպես մասնագետի չի ուսումնասիրել և նրա համերգներին չի փորձել հասկանալ, թե ինչպես է Չեքիջյանը գտնում այս խմբավարական լուծումները։ Ուսանող տարիներին  ընկերներիս հետ բազմիցս ներկա եմ եղել մաեստրոյի և՛ համերգներին, և՛ փորձերին, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է ղեկավարում, ինչ խորհուրդներ է տալիս երգիչներին»,-պատմեց Դանիելյանը։ 

Նա հատկապես կարևորեց այն, որ խորհրդային տարիներին, երբ ազգային մի շարք հարցեր կային, Հովհաննես Չեքիջյանի շնորհիվ պահպանվում էր ազգայինը։ «Չեքիջյանի նման վարպետների բարձր որակի շնորհիվ մենք ոչ միայն պահում էինք մեր դիմագիծը, այլև տարբեր երկրներում հնչեցնում էինք Կոմիտաս, հնչեցնում էինք «Հորովել»-ը, մեր գութաներգը։ Ըստ իս՝ արվեստի պահպանման տեսանկյունից ավելի լավ հնարավոր չէր անել»,-ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ Չեքիջյանը խմբավարական մի ամբողջ դպրոց, ինստիտուտ է ստեղծել, որի պտուղները քաղում ենք մինչ օրս։ 

Աշխատության մեջ անգլերենով առաջին անգամ ներկայացվել է Հովհաննես Չեքիջյանի կյանքն ու կատարողական արվեստը, բացահայտվել են Չեքիջյան խմբավարի ներդրումը հայ խմբերգային արվեստի զարգացման գործում, մաեստրոյի խմբավարական և դիրիժորական արվեստի կատարողական առանձնահատկությունները։ Ներկայացվել է Հովհաննես Չեքիջյանի վաստակը հայ ժամանակակից երաժշտության կատարման և հանրահռչակման գործում, լուսաբանվել են Հովհաննես Չեքիջյանի համերգային շրջագայությունների լենինգրադյան և ֆրանսիական էջերը: 

Հեղինակը կազմել է Հովհաննես Չեքիջյանի մասին առկա մատենագիտությունը, գիտական շրջանառության մեջ դրել Հայաստանի ազգային ակա­դե­միա­կան երգչախմբի արխիվում և Հովհաննես Չեքիջյանի անձնական ար­խի­վում պահվող կարևոր վավերագրեր՝ համերգների հայ­տագրեր, ծրագրեր, փաստաթղթեր, համերգների վերաբերյալ գրախոսականներ: 

Աշխատության մեջ Արամ Խաչատրյանի «Ձոն ցնծության» ստեղծագործության չեքիջյանական մեկնաբանության ուսումնասիրության օրինակով ներկայացվել է Չեքիջյանի վաստակը հայ ժամանակակից երաժշտության կատարման և հանրահռչակման գործում: Ներկայացվել է Չեքիջյանի գործունեությունը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ղեկավարման տարիներին, նրա բեղմնավոր համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի հետ: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Հովհաննես Չեքիջյանը ՀՀ ԳԱԱ հիմնի առաջին կատարողն է և դեռևս միակ մեկնաբանը:  

Աշխատությունը, որի խմբագիրը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանն է,  հրատարակվել է ՀՀ ԳԱԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում