Ազգային գրադարանը ժառանգության պահպանության առաքելությամբ գիտաժողովի է հրավիրել աշխարհի 20 երկրի 100 մասնագետի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին և նպատակ ունի կարևորել ժառանգության պահպանման առանցքային դերը կայուն զարգացման խթանման և հավաքական ապագայի հարստացման գործում: Այն կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը՝ Հայաստանի ազգային գրադարանի հարկի տակ մեկտեղելով աշխարհի 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 100 մասնագետի։

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հոկտեմբերի 2-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ընդգծեց՝ գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական և հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։

«Ըստ ավանդույթի՝ մենք կնքում ենք համագործակցության հուշագրեր տարբեր ազգային գրադարանների հետ: Այս տարի մենք կնքում ենք Սլովենիայի ազգային և համալսարանական գրադարանի հետ, Բուլղարիայի ազգային գրադարանի հետ և դրանով հիմք կդնենք բավականին լուրջ համագործակցության: 2022 թվականին եվրասիական գրադարանային վեհաժողովի շրջանակում մենք կնքել ենք համագործակցության հուշագրեր ԱՊՀ 5 ազգային գրադարանների հետ»,- ներկայացրեց Աննա Չուլյանը:

«Խիզախ նոր աշխարհ» խորագրով լիագումար նիստը նվիրված է լինելու գիտելիքի և տեղեկատվության ստեղծման, իրացման, տարածման գործում արհեստական բանականության մարտահրավերներին։

«Այս տարի մեր գլխավոր խոսնակներն են՝ Քրիս Դը Լուֆը՝ Բելգիայի թագավորությունից, Նիլս Փիթեր Թոմասը՝ «Springer nature» հրատարակչության արհեստական բանականության հրատարակությունների տնօրենը, Արման Աթոյանը՝ Arloopa ընկերության տնօրենը, և Մոլի Ֆրիմանը՝ Ամերիկյան համալսարանի պրոֆեսորը: Բոլոր ելույթները առցանց zoom հարթակով հեռարձակվելու են, այսպիսով՝ կարող են նաև առցանց հետևել մեր գիտաժողովի աշխատանքային ընթացքին: Ընդհանուր առմամբ՝ ունենք 94 ելույթ ունեցող մասնակից, որից 39-ը՝ արտասահմանից են, 42-ը ՀՀ տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ են և 13 մասնակից ազգային գրադարանի գրադարանավարներն են»,-հավելեց Չուլյանը: 

Գիտաժողովի աշխատանքն ընդգրկում է 12 նիստ հետևյալ ուղղություններով՝ հայկական ժառանգության պահպանում և հանրահռչակում. հայկական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման ռազմավարություններ և նախաձեռնություններ տարբեր երկրներում, ազգային ժառանգության պահպանում և հանրահռչակում. ավելի լայն քննարկումներ տարբեր մշակույթների ու ազգերի միջև ազգային ժառանգության պահպանման վերաբերյալ, թվային բովանդակության կառավարում. գրադարաններում և մշակութային հաստատություններում թվային հավաքածուների կառավարման ու պահպանման լավագույն փորձը, կառավարում և մասնագիտական ​​զարգացում. գրադարաններում և ժառանգության հաստատություններում կառավարչական ու մասնագիտական հմտությունների զարգացում, ընթերցանության խթանում. ընթերցանության սովորությունները և գրագիտությունը խթանելու նախաձեռնություններ ու ռազմավարություններ, մատենագիտություն. մատենագիտական ​​գրառումներ կազմելու և պահպանելու նորարարություններ, առաջընթաց ու մեթոդաբանություններ:

1919-ի հուլիսի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքով պետական-մատենադարան-գրադարանը դրվել է Հայաստանի Հանրապետության հանրային կրթության և արվեստի մինիստրության իրավազորության ներքո։ 

Անի Մարգարյան

Հայերեն

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը