ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «էՎենտի վերտիկալի» թատրոնի (Իտալիա) «Խորանարդ» բացօթյա ներկայացմամբ հոկտեմբերի 1-ին Երևանում՝ Կասկադում, մեկնարկեց «Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային 22-րդ թատերական փառատոնը, որն անցկացվելու է մինչև հոկտեմբերի 8-ը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացմանը փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց՝ յուրաքանչյուր փառատոն փոխում է ոլորտը, մշակույթը՝ քաղաքում, երկրում։
«Շատ դժվար է 22 տարի փառատոն անցկացնել, սակայն, եթե չլինի պահանջը, չլինեն մարդիկ, որոնք սպասում են «Հայ ֆեստ»-ի մեկնարկին, ավելի բարդ կլինի։ Դա մեզ թույլ է տալիս չհուսահատվել, շարունակել երազել և իրականացնել մեր երազանքները»,-շեշտեց նա։
Ղուկասյանն ընդգծեց՝ «Հայ ֆեստ»-ը Եվրոպայի լավագույն 24 փառատոններից է։ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կա Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոն, որի շրջանավարտները ղեկավարում են մշակութային ատյաններ ու ստեղծում են նոր փառատոններ, և մենք շարունակում ենք զարգացնել այդ ամենը։ Եթե դա չանենք, հետ կգնանք»,-հավաստիացրեց փառատոնի նախագահը։
Անդրադառնալով բացման ներկայացմանը՝ Արթուր Ղուկասյանը նշեց՝ փառատոնը միշտ ներկայանում է նորամուծություններով և մի քանի տարի է, որ հյուրընկալում է բացօթյա ներկայացումներ, սակայն «Խորանարդ»-ի պես բեմադրություն դեռ չեն ունեցել։ Այն կյանքի են կոչել Երևանի քաղաքապետարանի աջակցության շնորհիվ։
«էՎենտի վերտիկալի» թատրոնը ստեղծել է իր սեփական տեսողական լեզուն, որը համադրում է կրկեսը, ակրոբատիկան, պարը, երաժշտությունը և ժամանակակից տեխնոլոգիաները: Թատրոնն օգտագործում է այնպիսի բեմական սարքավորում, որը կախվում է օդում, պահում է բեմի մակերեսը, ողջ լուսավորությունը և կատարողներին: Կախված եռաչափ բեմ, որտեղ պարողները, լույսերն ու ստվերները միաձուլվում են կառուցվածքի գույների հետ։ Լույսերն ու գույները փոխում են խորանարդի տեսքը՝ համապատասխան դերասանների կատարման, որոնք շարժվում են խորանարդի ներսում և դրսում։
«Երազանքների փառատոն» խորագրով «Հայ ֆեստ»-ը կհյուրընկալի մասնակիցների տասնութ երկրից՝ Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Բելառուս և այլն։ Ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի մասնակիցների թիվը 100-ից ավելի է։ Կլինեն այնպիսի անվանի հյուրեր, ինչպիսիք են Ռոման Դոլժանսկին, Արթուր Գրիգորյանցը, Տատյանա Բոբրովան, Մարիուս Իվասկևիչուսը։
«Հայ ֆեստ»-ին հանդիսատեսին կներկայացվեն Գասպար և պարողներ թատրոնի «Կոստյում Լինդա» (ԱՄՆ), Գորկի + Մոսկվայի արվեստի փառատոնի թատերական նախագծի «Արթնացեք» (Ռուսաստան), Մարկոցի ժամանակակից թատրոնի «Մսագործը» (Գերմանիա), Կատանարի թատրոնի «Տուն-կղզի» (Չեխիայի Հանրապետություն) ներկայացումները։ Բացօթյա ներկայացումներից էլ կցուցադրվեն Գոմայի «Ատարի շոու» (Գերմանիա), «Մեղքեր խժռողը» (Լեհաստան) բեմադրությունները։
«Հայ ֆեստ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։