Գիտություն

Հայաստանում առաջին անգամ կազմակերպված Գիտության շաբաթը կոչված է երկրում գիտության հանրայնացմանը

6 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ կազմակերպված Գիտության շաբաթը կոչված է երկրում գիտության հանրայնացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթի մեկնարկն ազդարարվեց հոկտեմբերի 1-ին, Երևանի Ազատության հրապարակում: Վեց օր շարունակ, ժամը 15։00-21։00-ն, տարբեր ոլորտների գիտնականներ և գիտաշխատողներ փորձելու են հանրայնացնել ու հնարավորինս մատչելի ներկայացնել հայրենի գիտության նվաճումները և առավել ուշագրավ մշակումները: Այս ամենը միտված է հատկապես աճող սերնդի մոտ գիտության նկատմամբ սիրո և հետաքրքրության խթանմանը:

Ազատության հրապարակի նոր՝ արդեն գիտական շնչին անձամբ ծանոթացավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որը, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, շրջեց գիտական և գիտահետազոտական տարբեր հիմնարկների տաղավարներով, շփվեց այնտեղ գտնվող ներկայացուցիչների և դպրոցականների հետ: Ճանաչողական շրջայցը նախարարը սկսեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տաղավարից և շատ չանցած նկատեց, որ իր կարծիքով՝ այն անչափ գրավիչ է լինելու երեխաների համար:

Նման դիտարկումը բորբոքեց մեր մասնագիտական հետաքրքրասիրությունը և  Բյուրականի աստղադիտարանի հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանից փորձեցինք ճշտել՝ զարմանահրաշ ի՞նչ անակնկալ է սպասվում երեխաներին իրենց տաղավարում:

«Հնարավորություն ենք ընձեռել վիրտուալ իրականության աշխարհ տեղափոխող ակնոցների միջոցով «հայտնվել» իրենց ընտրած երկնային լուսատուի կամ մոլորակի մակերևույթին և նույնիսկ՝ տիեզերագնացի դերում: Այսինքն՝ վիրտուալ ինքնատիպ աստղային ուղևորություն կատարել տիեզերանավով: Այստեղ կա նաև փոքրիկ աստղադիտակ, որի աշխատանքի սկզբունքներին բոլոր ցանկացողներին կծանոթացնեն մեր երիտասարդ աստղագետները: Աստղադիտակն ուղղված է պայմանական օբյեկտի, քանի որ ցերեկվա ժամերին անհնար է ներկայացնել աստղազարդ երկինք»,- պատմեց մեր զրուցակիցը:

Տաղավարում կարելի է ծանոթանալ նաև աստղադիտարանի աշխատակիցների տարբեր տարիներին հրապարակած գրքերին, կոնֆերանսների և գիտաժողովների նյութերին: Դպրոցականների համար նախատեսված են նաև թեմատիկ փոքրիկ մրցույթներ և ինտելեկտուալ խաղեր:

Արդեն լրագրողների հետ զրույցի ընթացքում Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Գիտության շաբաթը միջազգային ընդունված ձևաչափ է:

«Սա գիտության հանրայնացման հարթակ է, որն առաջին հերթին հնարավորություն է տալիս դպրոցականներին ծանոթացնել գիտության հեռանկարային ուղղություններին և հետազոտություններին՝ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշման ձևավորմանը: Հայաստանում Գիտության շաբաթ կազմակերպելու հնարավորությունը «Գիտուժ»-ի հետ քննարկել էինք դեռ նախորդ տարի: Շատ ուրախ եմ, որ հետևողական եղանք և այսօր միասին ներկա ենք այս միջոցառման մեկնարկին»,- նշեց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը գտնում է, որ հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում տիրելու է գիտական մթնոլորտ, որն առաջացնելու է համարժեք հետաքրքրություն:

«Նույնիսկ ամեն օր կարելի է գալ, որովհետև անընդհատ սովորելու և տեսնելու նոր բան է լինելու: Հուսով եմ, որ մեր դպրոցները և գիտությամբ հետաքրքրված քաղաքացիները շատ ակտիվ կլինեն: Ի դեպ, միջոցառումներն այնպես ենք ծրագրել, որ աշակերտները ուսումնական պրոցեսի հետ կապված որևէ խնդիր չունենան և դասերից հետո կարողանան լինել այստեղ և ծանոթանալ ներկայացվող հետաքրքիր բովանդակությանը: Շատ կարևոր է, որ, անկախ ներկայացվող թեմաների բարդությունից, մեր գիտաշխատողները գտել են դրանք հնարավորինս մատչելի ձևաչափով երեխաներին ներկայացնելու միջոցը: Նաև շատ կարևոր է ներկայացնել առօրյայում գիտության ներառական դերն ու նշանակությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

«Գիտության շաբաթ» միջոցառման հանրային կապերի պատասխանատու Նանե Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ այն անցկացվում է «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» կարգախոսի ներքո: Նա հայտնեց, որ միջոցառումներն անցկացվելու են թեմատիկ երեք ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրը տևելու է երկու օր: Դրանք անվանվել են այսպես՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտական ֆանտաստիկա»: Վերջինս ամփոփելու է միջոցառումների շարքը: Այցելողներին առաջարկվելու է միասին երևակայել տարբեր թեմաների շուրջ, տարբեր ինստալյացիաների օգնությամբ նաև արվեստի միջոցով ծանոթանալ և մերձենալ գիտությանը: Նախատեսված են նաև հանրամատչելի ձևաչափով դասախոսություններ գիտական տարբեր թեմաներով, գիտափորձեր և հանդիպումներ հայտնի գիտնականների հետ:

«Միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը դրսևորվեց հատկապես մեր կազմակերպած նկարչական, գրական, գիտաֆանտաստիկ և այլ ուղղվածության մրցույթների ընթացքում: Մասնակիցներն այնքան շատ էին, որ ժյուրին շատ դժվար ընտրության առջև էր կանգնել»,- հայտնեց Նանե Մանուկյանը:

Ի դեպ, մշակվել են նաև ապակենտրոն միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալու «Գիտական շաբաթ»-ի անմիջական մասնակից դարձնել Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականներին:

Հրայր Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում