«Պաշտպանված սրտի Երևան». մեկնարկեց սրտի հանկարծակի կանգի դեպքում շտապօգնության արագ արձագանքմանը միտված ծրագիրը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած շնորհանդեսով հոկտեմբերի 1-ին տրվեց «Պաշտպանված  սրտի քաղաք» նախաձեռնության մեկնարկը, որը  նախատեսում է բարձրացնել շտապօգնության արձագանքման արագությունն ու սրտի հանկարծակի կանգից փրկվելու մակարդակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀԵՆԱՐ և «Philips» հիմնադրամների կողմից՝ Երևանի քաղաքապետարանի հետ ռազմավարական համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության ու Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության աջակցությամբ։

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը բացման խոսքում համոզմունք հայտնեց, որ նախաձեռնության մեկնարկը Երևանի հանրային առողջության նկատմամբ որդեգրած քաղաքականության փոխակերպիչ էջն է։

«Այս նախագիծը ոչ միայն ուժեղացնում է մեր քաղաքի բժշկական արձագանքման ենթակառուցվածքը, այլև ամրացնում է կապը քաղաքացիների ու համայնքի միջև։ Այն դիրքավորում է Երևանը որպես մոդել քաղաք առողջապահական անվտանգության համաշխարհային համատեքստում՝ ցույց տալով մեր նվիրվածությունը նորարարությանը և համայնքի բարեկեցությանը»,- համոզմունք հայտնեց փոխքաղաքապետը։

Նախաձեռնությունը ներառելու է կրթական ծրագրեր, որոնք ուղղված են սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացմանը և կամավորների համար համապատասխան դասընթացների հասանելիության ապահովմանը։ Բացի այդ, կտեղադրվեն ավտոմատացված արտաքին դեֆիբիլյատորներ, որոնք կընդգրկեն Երևանի Փոքր կենտրոնը։ Ծրագիրը կներառի նոր տեխնոլոգիաներ՝ ապահովելով աջակցություն դեպքի տեղի ունենալու պահից մինչև շտապօգնության մեքենայի՝ հիվանդին հասնելը։ Կամավորների համար համապարփակ անվճար ուսուցման հետ մեկտեղ՝ ծրագրի նորարարական մոտեցումը կարող է բարձրացնել փրկվելու մակարդակը ներկայիս 5 տոկոսից մինչև 30 տոկոս և ավելին։

«Philips» հիմնադրամի շտապօգնության զարգացման տնօրեն Յոահիմ Մաուերը հատկանշական առաջընթաց համարեց տեսլականը, երբ Երևանում կմիավորվեն կյանք փրկող տեխնոլոգիան, փորձագիտական խնամքն ու լավ պատրաստված առաջին արձագանքողները:

««Philips» -ի փորձով այդ տեսլականը այժմ կարող է կրկնօրինակվել մի քաղաքում, որտեղ խոցելի համայնքները չեն ունեցել առաջնային խնամքի հասանելիություն այնպիսի կարևոր պահերին, ինչպիսին է սրտի հանկարծակի կանգը: Հիմնադրամի՝ առաջին արձագանքողներին վերապատրաստելու և հիմանական սարքավորումներ տրամադրելու հանձնառության շնորհիվ, այս փոխակերպումը խոստանում է ոչ միայն ավելի լավ առողջապահություն, այլ նաև նոր հույս՝ անթիվ կյանքեր փրկելու համար»,- ասաց Մաուերը:

ՀԵՆԱՐ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը Երևանը միայն հիմնական բժշկական գործիքներով հագեցնելը չէ, այլ նաև փոխադարձ խնամքի և պատրաստվածության համայնքային ոգու խթանումը:

«Այս նախագիծը Երևանը մղում է դեպի հանրային առողջապահության համաշխարհային նորարարության առաջնագիծ՝ համեմատվելով այնպիսի առաջատար քաղաքների հետ, ինչպիսիք են Սիեթլը,Կոպենհագենը և Տոկիոն»,- նշեց Ոսկերչյանը:

Նախագծի ղեկավար Շուշանիկ Հովհաննիսյանը մանրամասնեց, որ  պիլոտային այս  ծրագրի շրջանակներում Երևանի Փոքր կենտրոնում յուրաքանչյուր 300  մետրի վրա կտեղադրվեն ընդհանուր մոտ 50 հատ արտաքին ավտոմատացված դեֆիբիլյատորներ՝ կամավորների համար 24 ժամյա հասանելիությամբ:

Քարտեզագրումն իրականացրել է համապատասխան մասնագետը. նպատակը եղել  է, որպեսզի 6 րոպեի ընթացքում կամավորը կարողանա մոտենալ և վերցնել դեֆիբիլյատորն ու հասնել բուժառուին:

Կամավոր կարող է լինել 18 տարեկանից բարձր ցանկացած անձ: Նրանց համար կկազմակերպվեն 4-ժամյա անվճար դասընթացներ: Այնուհետև նրանք կգրանցվեն ստեղծված համապատասխան հավելվածում, որի միջոցով շտապօգնությունն ահազանգ կուղարկի դեպքի վայրին մոտ գտնվող կամավորներին: Ստանալով 4 նիշ պարունակող կոդ՝ նրանք կկարողանան բացել սարքը՝ օգնության շտապելով բուժառուին:

Յոահիմ Մաուեր, Սարգիս Մադաթյան, Արման Ոսկերչյան

Սարգիս Մադաթյան

Յոահիմ Մաուեր

Բագրատ Վարդազարյան

Արման Ոսկերչյան

Սարգիս Մադաթյան, Արման Ոսկերչյան

Սարգիս Մադաթյան, Արման Ոսկերչյան

Սարգիս Մադաթյան, Արման Ոսկերչյան

 

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա