ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Չեխիայի պետականության տոնին նվիրված միջոցառմանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանում Չեխիայի դեսպանության կազմակերպած տոնական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Խանջյան 7 շենքի ճակատին նկարված, չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս Մուխայի գործերից մեկով ներշնչված մուրալի բացումը: Հսկայական որմնանկարի հեղինակը երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է:
Միջոցառման սկզբում հնչել են Հայաստանի և Չեխիայի Հանրապետությունների պետական օրհներգերը՝ Արմավիրի դպրոցներից մեկի աշակերտների կատարմամբ, ապա համերգային ծրագրով ելույթ են ունեցել Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաները, որոնք կատարել են չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շնորհավորելով Չեխիայի պետականության օրվա առթիվ, համոզմունք է հայտնել, որ Խանջյան 7 շենքի ճակատին բացված որմնանկարը հնարավորություն կտա մշտապես հաղորդակից դառնալու չեխական մշակույթին:
«Աշնանային Երևանը նշանավորվում է մշակութային բազմապիսի իրադարձություններով՝ կինո և երաժշտական փառատոներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ: Դրանք սպասված են ոչ միայն երևանցիների, այլև մեր քաղաք այցելող հյուրերի համար: Չեխիայի պետականությունը նշանավորող օրվա շրջանակում բացվող որմնանկարն իրավամբ կարելի է համարել բացօթյա ցուցահանդես։ Այն մշտապես բաց և տեսանելի է լինելու բոլորիս համար՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու չեխ անվանի նկարիչ՝ Art nouveau ուղղության ներկայացուցիչ Մուխայի ստեղծագործական աշխարհին և մեզ համար բացահայտելու չեխական գեղանկարչական արվեստը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ վստահություն հայտնելով, որ այն կդառնա Երևանում Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամության մշակութային խորհրդանիշերից մեկը:
Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը՝ շնորհակալություն հայտնելով սուրբ Վենցեսլավի տոնը Հայաստանում նշելու համար, նկատեց, որ թեև Երևանը հրաշալի քաղաք է, բայց հուսով է, որ այսօրվա նկարը մի փոքր ավելի գեղեցիկ կդարձնի մեր՝ արդեն իսկ գեղեցիկ քաղաքը: Նա նաև տպավորիչ է համարել հայ երիտասարդների՝ չեխական ստեղծագործությունների երաժշտական կատարումները:
«Այստեղ գտվող երիտասարդները որևէ հատուկ առնչություն չունեն Չեխիայի Հանրապետության հետ, բայց նրանք սիրում են երաժշտություն ու Չեխիան: Երիտասարդների հետ աշխատանքն ամենաիմաստալից գործողությունն է, որը մենք՝ դիվանագետներս, պետք է իրականացնենք»,- ասել է դեսպանը՝ շեշտելով մշակույթի առանցքային նշանակությունը երկկողմ բարեկամական հարաբերություններում:
Երևանի Խանջյան 7 շենքի ճակատին բացված Ալֆոնս Մուխայի ստեղծագործություններով ոգեշնչված որմնանկարի մուրալի ստեղծումն իրականություն է դարձել չեխ-հայկական «Մառլենկա» ընկերության հովանավորությամբ, որի սեփականատերը Չեխիայում բնակվող մեր հայրենակից Գևորգ Ավետիսյանն է: