Մշակույթ

Կինոն արվեստի միակ ճյուղն է, որի շնորհիվ կարող ես խուլ գավառից հայտնվել Փարիզում. Ռոման Բալայան

5 րոպեի ընթերցում

Կինոն արվեստի միակ ճյուղն է, որի շնորհիվ կարող ես խուլ գավառից հայտնվել Փարիզում. Ռոման Բալայան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը, որն իր ֆիլմերով մշտապես անդրադառնում է ժամանակի արդիական խնդիրներին և չի վախենում քննադատել, օրերս Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական մրցանակ է ստացել ուկրաինական կինոյի զարգացման գործում նշանակալի ներդրման համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսորը նշում է՝ ծիծաղելի կլիներ, եթե ասեր, որ դժգոհ է մրցանակից։ Նա կցանկանար, որ նման մրցանակներ տրվեին երիտասարդներին, քանի որ կան հետաքրքիր ռեժիսորներ, սակայն նրանց չեն նկատում և երբեմն ուշադրության են արժանացնում այն ստեղծագործողներին, որոնք  յոթանասուն և ավելի տարեկան են, գնահատում են ոչ թե արվեստի, այլ ներդրման համար, ինչը Բալայանը ևս բնական երևույթ է համարում։ «Եթե ուրիշին տային այդ մրցանակը, միևնույնն է՝ ես ուրախ կլինեի»,-շեշտեց նա։

Ռեժիսորը խոստովանում է՝ հազվադեպ է ֆիլմեր դիտում. նախընտրում է թատրոն, ֆիլհարմոնիա, պատկերասրահ, նկարիչների արվեստանոցներ այցելել։ «Ինձ միշտ դուր է եկել այն, ինչ անել չեմ կարող։ Երբ ֆիլմը սկսվում է, և ես տեսնում եմ, որ մարդը կյանքին նայում է «բանալու անցքից», կինոնկարն ինձ այլևս հետաքրքիր չէ, իսկ եթե գիտեմ բովանդակությունը, որը ներկայացվում է հեղինակային աչքով, միևնույն է՝ չեմ դիտում»,-ընդգծում է Ռոման Բալայանն ու հավելում՝ կինոն արվեստի միակ ճյուղն է, որի շնորհիվ դու կարող ես խուլ գավառից հայտնվել Փարիզում։ 

Բալայանին, որ երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ուկրաինայում, երբեմն՝ Մոսկվայում, մտահոգում է իրավիճակն Ուկրաինայում և Հայաստանում, չդադարող պատերազմները։ «Միշտ այդ ամենը ծանր եմ տանում, իսկ իմ ֆիլմերը ստորացվածների, վիրավորվածների, ուրիշներին ապրումակցելու մասին են։ Եթե քեզ ինչ-որ բան շատ ցավ է պատճառում, պետք չէ անտարբեր լինել ուրիշի ցավի հանդեպ»,-շեշտում է ռեժիսորը։ 

Ռոման Բալայանի մասին կարդալիս հաճախ կարելի է հանդիպել այն նախադասությանը, որ Լեռնային Ղարաբաղում ապրելու տարիներին նա թատրոնում հանդես է եկել որպես դերասան։ Ռեժիսորը հերքում է դա՝ նշելով՝ թատրոնում ստատիստ է եղել և երբեք չի մտածել դերասան լինելու մասին, սակայն, երբ Լեռնային Ղարաբաղի թատրոնում տեսել է, թե ինչպես են բեմադրություն անում, որոշել է՝ պետք է ռեժիսորի մասնագիտությունն ընտրի։ «Շատերը գրում են, որ ես աշխատել եմ որպես դերասան, բայց ես ինչպե՞ս կարող եմ դերասան լինել»,-եզրափակում է նա։

Ռոման Բալայանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: Մանկությունն անցկացրել է այնտեղ և Գրոզնիում, որտեղից ընտանիքով Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 1950-ականներին։ 1959-1961 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թատրոնում։ 1961-1964 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969-ին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը։ Այդ ժամանակից ի վեր ապրում, աշխատում է Կիևում, Մոսկվայում։ Իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Նկարահանումներ է իրականացրել՝ հենվելով ռուս դասական գրողների՝ Չեխովի, Տուրգենևի, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Ցարական Ռուսաստանի բարքերը քննադատելով՝ Բալայանը փոխաբերաբար անդրադարձել է իր ժամանակի խնդիրներին։

Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան վեցուկես միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1986 թվականին Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում ևս նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, որը փորձում է հասկանալ, թե ինչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ինչ անելիք դեռ ունի առջևում։

1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։ 2008 թվականին Ուկրաինայի նախագահը Ռոման Բալայանին շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։ 2008 թվականին պարգևատրվել է ուկրաինական «За заслуги» շքանշանով։

Անժելա Համբարձումյան

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում