2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք հետաքրքիր պատմություններից բաղկացած «Yerevanilla.am» ֆիլմը հոկտեմբերի 4-ին կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմն արդեն հայաստանյան կինովարձույթում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի մասին պատմող կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախը հինգ ռեժիսորի աշխատանք է: Այն միահյուսում է մայրաքաղաքի խնդիրներն ու կոլորիտը և պատմում քաղաքի՝ բնակիչներին ուղղված սիրո մասին:
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
«Մեր ժամանակների Երևանի, երևանցիների ու մայրաքաղաքի հին ու նոր բնակիչների մասին ֆիլմաշարը կգրավի կինոսեր հանրության ուշադրությունն ասելիքի թարմությամբ, անսպասելի լուծումներով, կյանքի պարզ ու առօրեական դրվագները երևանյան ջերմ ու զգացմունքառատ խորապատկերում նրբանկատորեն վերհանելու` ֆիլմաշարի հեղինակների, ռեժիսորների, ստեղծագործական ողջ թիմի հաջողված աշխատանքի շնորհիվ»,-ֆիլմի մասին նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Ռեժիսորներ՝ Թամարա Աբաջյան, Գևորգ Շարամբեյան, Սերժ Գաբյան, Արամ Շահբազյան, Վահան Գրիգորյան։ Պրոդյուսեր՝ Էդգար Բաղդասարյան։
Դերերում՝ Նատալյա Եփրիկյան, Արուսիկ Տիգրանյան, Արամ Կարախանյան, Արթուր Մանուկյան, Անդրանիկ Աբրահամյան և այլք։
Ֆիլմն ունեցել է հատուկ ցուցադրություն՝ «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային երևանյան կինոփառատոնի շրջանակում։