Հովհաննիսյանը Ռատնիկի հետ քննարկել է ՀՀ-Էստոնիա, ՀՀ-ԵՄ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 12-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Ըստ աղբյուրի՝ գոհունակությամբ նշվել է հյուսիսային-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան:
Նախարարի տեղակալ Հովհաննիսյանն իր գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:
Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։