Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

3 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Պատիվ է հյուրընկալել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,-նշված է դիտորդական առաքելության գրառման մեջ։ 

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը իրականացված պարեկության ընթացքում Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպին է ներկայացրել առաքելության գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտի այցելությունից հետո X-ի իր միկրոբլոգում գրառումներ է կատարել նաև Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը՝ նշելով, որ ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում անգնահատելի է և վստահություն է ստեղծում տեղի համայնքներում:

Նախարարը նաև գոհունակություն է հայտնել առաքելությանը կատարած աշխատանքի առնչությամբ՝ ընդգծելով, որ Նիդեռլանդներն աջակցում է այդ գործունեությանը։

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը Հայաստան է այցելել մարտի 12-ին։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, մասնակցել Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը։ Կասպար Վելդկամպն ու Արարատ Միրզոյանը ստորագրել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում