ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լատվիայի ԱԳՆ վարչության տնօրենը քննարկել են մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների վարչության տնօրեն Էգիտա Լասեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Երկուստեք շեշտվել է հետաքրքրությունը հյուսիսային-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնման հարցում:
Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: