Աշխարհ

Ճապոնիայի իշխող կուսակցության նոր ղեկավարը խորհրդարանական ընտրությունները կհայտարարի հոկտեմբերի 27-ին

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի իշխող կուսակցության նոր ղեկավարը խորհրդարանական ընտրությունները կհայտարարի հոկտեմբերի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) ընտրված նախագահ Սիգերու Իսիբան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պլանների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

«Նոր վարչակազմը պետք է հնարավորինս շուտ ստանա հանրության վճիռը: Եթե պայմանները թույլ տան, ես կցանկանայի հաջորդ համընդհանուր ​​ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 27-ին», - ասել է նա:

Ակնկալվում է, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին։

Հոկտեմբերի 1-ին խորհրդարանը, որի երկու պալատները վերահսկում են ԼԴԿ-ն և նրա դաշնակից «Կոմեյտո» կուսակցությունը, արտահերթ նիստում Իսիբային կընտրի վարչապետ։

Սեպտեմբերի 30-ին Իսիբան նորացրեց ԼԴԿ-ում ղեկավար պաշտոնների կազմը։ Նախկին վարչապետ Յոսիհիդե Սուգան դարձավ կուսակցության փոխնախագահ, իսկ նախկին վարչապետ Տարո Ասոն՝ նախագահի խորհրդական: 

Տարիների ընթացքում 67-ամյա Իսիբան զբաղեցրել է պաշտպանության նախարարի, գյուղատնտեսության նախարարի և ԼԴԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնները։ Նրան հաջողվեց կուսակցության նախագահ դառնալ հինգերորդ փորձից։

Օգոստոսին Ճապոնիայի վարչապետ և ԼԴԿ-ի նախագահ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ սեպտեմբերին կայանալիք կուսակցության առաջնորդի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում