ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հեղինակավոր Կորրերի պատմական թանգարանի այցելուներին 2024 թվականի ապրիլի 24-ից առաջինը դիմավորում են մեր հայ կին արվեստագետների աշխատանքները: Գործերի հեղինակներն են հայաստանաբնակ Արմինե Սարկավագյանը՝ հայտնի որպես՝ Սարկո Մինե (Sarko Meené) և Ամստերդամում բնակվող Գայանե Երկանյանը։
Կորրերի թանգարանի ցուցադրությունը նվիրված է իտալացի ճանապարհորդ, գրող և առևտրական Մարկո Պոլոյի 700 ամյակին և կրում է «Գրելու ճանապարհը. 700 տարվա կալիգրաֆիկ արվեստը Արևելքից և Արևմուտքից» (THE WAY OF WRITING. Seven hundred years of calligraphic art between East and West) խորագիրը։ Ցուցահանդեսում վեց ժամանակակից արվեստագետ հինգ երկրից՝ Հայաստանից, Իտալիայից, Չինաստանից, Իրանից և Իրաքից ներկայացնում են իրենց մայրենի լեզուն Մարկո Պոլոյի հավաքագրած դարավոր ձեռագրերի հետ մեկտեղ:
Հայաստանն այս ցուցահանդեսում ներկայացված է 4 գործով, որոնցից երկուսը ստեղծարար Սարկո Մինեի աշխատանքներն են։ Սարկոն անդրադարձել է հայերեն լեզվի կարևորությանն իր պապիկի՝ գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի ձեռագրերի միջոցով:
«Իմ աշխատանքները կառուցված են հայ արվեստի, արևի և երաժշտության մասին հայերեն տեքստերի հիմքի վրա: Տեքստերը մեծ հայրիկիս ձեռագրերն են, իր անուշ և հարուստ լեզվով, հայրենադարձի անբացատրելի խորը հույզերով գրված։ Օգտագործել եմ էջեր իր անձնական օրագրից, իր մարգարտաշար հայ տառերով գրված նուրբ հոգուց բխած մտքերն ու զգացմունքները: Երկու գործս էլ կրում են իր երկու հեղինակային գրքերի անունները «Արևորդիներ» և «Հայ լինելու առեղծվածը»: «Արևորդիներ» աշխատանքիս բնագիրը նկարագրում է Արամ Խաչատուրյանի մեծ համերգը Աթենքում` մեծ հայրիկիս ծննդավայրում, Պարթենոնի հենց ներքևում»,- պատմում է Սարկո Մինեն:
Սարկո Մինեն ստեղծագործելիս կիրառել է իր շերտերի կոնցեպտը, աշխատանքներին խորություն տալու համար և աշխատելով հատուկ հենց լույսի հետ այնպես, որ լույսի խաղն ու թափանցելիությունը ինքնին պատմեն մեր պատմությունը:
«Դիմային շերտը խորհրդանշում է պաշտպանություն, և ես նույնանում եմ այս շերտի հետ։ Այս շերտում տողերը դատարկ են, քանի որ ես դեռ չունեմ իմ լիարժեք պատմությունը, սակայն այս շերտի միջոցով կանգնած եմ ի պաշտպանություն իմ լեզվի, ազգի և մեծ հայրիկի ժառանգության։ Մետաղյա ցանցը մետաքսի տեսք ունի և ներկայացնում են կանացիության և ուժի իմ մեկնաբանությունը: Այս շերտերը ցուցադրում են կյանքի տարբեր կողմերը, սերունդները և հանդիսանում են որպես անցյալի, ներկայի և ապագայի միջև շարունակականության արտացոլում: Աշխատանքներիս երկաթյա դիմային շերտերը նաև խորհրդանշում են «երկաթյա վարագույրը», որի հետևում հայտվեց Կարպիս Սուրենյանը (Սարկավագյանը)՝ 1946-ին վերադառնալով «Սովետական հայրենիք»։ Չնայած երկաթյա շերտն ունի դատարկ տողեր, առաջնային շերտի հետևում պաշտպանված, լուսավորված, մեծ չափով մետաքսագրված և օդում կախված է օրագրի էջը»,- նկարագրում է Սարկոն:
«Հայ լինելու առեղծվածը» Սարկո Մինեի երկրորդ աշխատանքն է, որը ներակայցված է այս ցուցադրությանը և ավելի փոքր գործ է: Այն նույնպես երկշերտանի է, բայց այս աշխատանքում բնագիրն է ներկայացված, այլ ոչ թե մետաքսե տպագրություն և այն արդեն ոսկեգույն ցանցով է պատված։
«Երկրորդ աշխատանքումս «վարագույրն» արդեն զգուշորեն փոքր-ինչ բացված է։ Համարում եմ՝ գրողը շարունակում է ապրել իր գրված խոսքերով, և եթե իր խոսքերը հիմա Վենետիկում են, ուրեմն հենց մեծ հայրիկս էլ անցել է վարագույրի հետևից և հիմա Վենետիկում է: Թանգարանը հարգելով բնագրի արժեքը, փոքր գործը ցուցադրել է ապակու տակ, ինչը շատ հուզիչ է և պատվաբեր»,- նշում է Սարկո Մինեն:
Չնայած Սարկո Մինեի ստեղծագործությունները կալիգրաֆիա չեն, ցուցադրության համադրիչները գտնելով Սարկոյի գործերը համացանցում, հատուկ խնդրանքով դիմել են հայ արվեստագետին գործերը կալիգրաֆիայի այս ցուցահանդեսում ներառելու համար։
Մյուս հայ արվեստագետը՝ Գայանե Երկանյանը, իր աշխատանքներում օգտագործում է տառերը՝ որպես հայկական մշակութային ժառանգության խորհրդանիշներ, ներկայացնելով դրանք ձևի և տարածության աբստրակտ համակցության միջոցով։ Նրա ստեղծագործությունները ավելի դեկորատիվ արվեստի գործեր են, որոնցում հայկական տառերը ներկայացված են առանց համատեքստի՝ հաղորդելով դրանց տեսողական և խորհրդանշական նոր իմաստներ։ Աշխատանքը ձեռագիր չէ. Աշխատանքներում իմաստը կրողը ոչ թե բառերն են, այլ հենց տառերը։
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը, և Վենետիկի Կորրերի թանգարանի այցելուները մուտք գործելիս այս հսկա թանգարան առաջինը տեսնում են «Գրելու ճանապարհը» ցուցադրությունը, ներառյալ հայ արվեստագետների վերոնշյալ գործերը։