ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի, ծննդդյան 155-ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով։ Մարդ, արվեստագետ, ով կարողացավ իր կատարած հսկայածավալ աշխատանքով հային հնարավորություն տալ պահպանելու սեփական դեմքն ու դիմագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին. պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան կարգ։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրության բացումը, որն անցկացվում է Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթուղթ և լուսանկար Գրականության և արվեստի թանգարանից, 4 կտավ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր և լուսանկարներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվից:
Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին, մեկ առանձին բաժին էլ կներկայացնի Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս Վարդապետի մտերմությունը՝ նրանց նամակագրության միջոցով։
Երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը՝ նվիրված Կոմիտասի հոբելյանին։ «Անտունի»-ի առաջնախաղը տեղի է ունեցել 1969 թվականին։ Այն նվիրված է եղել Կոմիտասի 100-ամյակին։ Բալետը բեմադրել են կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը, բեմանկարիչը եղել է Մինաս Ավետիսյանը, զգեստների նկարիչը՝ Ռոբերտ Էլիբեկյանը։ Այժմ բալետը վերականգնել ու բեմ են վերադարձնում նրանց ժառանգները՝ Սուսաննա Մարտիրոսյանը, Նարեկ Ավետիսյանը և այլք։
Երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը ծնվել է սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում։
1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում Մկոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում՝ Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։
Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և Պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։
Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։