Մշակույթ

Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

2 րոպեի ընթերցում

Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի  (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ընդգծելով, որ 19-20-րդ դարերին թվագրվող հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով: Տեղում քննարկվել են առաջին փուլով նախատեսված հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի կազմման և երկրորդ փուլով՝ վերականգնման աշխատանքները: 

Չորաթան գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերար Վարդան Քալանթարյանի հատկացրած միջոցներով. այս նպատակով ԿԳՄՍ նախարարությունը 2022 թ․ մայիսի 20-ին հուշագիր էր կնքել բարերարի հետ: Եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են լիազոր մարմնի համաձայնեցմանը, որից հետո տրվել է նաև վերականգնման թույլտվություն։ Իրականացված ու ընթացքում գտնվող վերականգնման աշխատանքները տեղում դիտարկվել են մասնագետների կողմից: Համադրելով նախագծով առաջարկվող լուծումների հետ՝ քննարկվել են շտկման ենթակա և իրականացվելիք աշխատանքների մանրամասները։

Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1683 թ., սակայն բարերարի ֆինանսավորմամբ իրականացված հնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են նաև 11-13-րդ դդ. թվագրվող եկեղեցու հիմքեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում