Մշակույթ

Գեղարքունիքի համայնքներում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի համայնքներում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Անկախության  տարեդարձին նվիրված միջոցառումներ

ԳԱՎԱՌ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Անկախության  33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին համայնքների ղեկավարներ և ավագանիների անդամներ, համայնքապետարանների աշխատակիցներ, պետական հիմնարկների, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ,  անհատ քաղաքացիներ, դպրոցականներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումների  մասնակիցները քաղաքային ու  գյուղական մի շարք բնակավայրի հուշահամալիրներում  ծաղկեդրման արարողությամբ հարգեցին Հայաստանի անկախության ու ազատության համար իրենց կյանքերը նվիրաբերած հերոս հայորդիների հիշատակը։

Այնուհետ, տոնական համերգային ծրագրեր իրականացվեցին մշակույթի տներում ու հրապարակներում՝ տեղի մշակույթի տների  ինքնագործ խմբերի ու արվեստի դպրոցների սաների ուժերով։ Անցկացվեցին նաև մարզական միջոցառումներ։

 

Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի մարզադահլիճում  մեկնարկեց ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի, Իրանի և Վրաստանի մարզիկները։ 

Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում մեկնարկեց Հայաստանի Պաուերլիֆտինգի բաց առաջնությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Առաջնությանը մասնակցում  են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մարզիկներ:

Բռնցքամարտի և  Պաուերլիֆտինգի առաջնությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 22-ին՝ մրցանակների հանձնմամբ:

Մարզի բնակչությանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորանքի խոսքեր են հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը և Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը։    

Խոսրով Խլղաթյան 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում