Իրավունք

Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. նա կալանավորվել է

6 րոպեի ընթերցում

Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. նա կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն պարզել է փետրվարի 20-ին Վանաձորում տեղի ունեցած, երկու մարդ խլած ավտովթարի մեղավորին, որը կալանավորվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ 

«Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Maserati», «Daewoo Nexia 1.5I» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող «Sinotruk HOWO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրա հետևանքով «Maserati» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, իսկ «Daewoo Nexia 1.5I»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում ստացված տվյալների հիման վրա որոշում էր կայացվել «Maserati» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Կ.Ա.-ի նկատմամբ, ով նշված տրանսպորտային միջոցի սեփականատերն է, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առգրավումներ:

Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոպատահարի ժամանակ «Maserati» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Կ.Ա.-ն, ով դեպքի պահին գտնվել է ավտոմեքենայում, այլ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ նրա ընկերը՝ Ա.Հ.-ն, ով դեպքից հետո լքել է ավտոպատահարի վայրը և դիմել փախուստի:

Ստացված փաստական տվյալները հիմնավորվել են նաև դատագենետիկական փորձաքննության եզրակացություններով, համաձայն որոնց՝ վերջինիս ԴՆԹ բնութագիրը համապատասխանում է «Maserati» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված արնանման հետքից ստացված անձի ԴՆԹ բնութագրին, իսկ դեպքի վայրի, դրան հարակից տարածքում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրության զննությամբ երևում է, որ Ա.Հ.-ն, արնաթաթախ մտնելով ինչ-որ շինություն, զանգահարում է ինչ-որ անձի և օգնության կանչում, այնուհետև ներկաներից պահանջում է սրբիչ՝ արյունը մաքրելու համար: 

Դեպքից ամիսներ անց վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան միջնորդության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:

Նախաքննության ընթացքում պարզվել են երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի պատճառները: 

Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված ապացույցների՝ դեպքի օրը՝ 2024թ․ փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Ա.Հ.-ն իր կողմից վարած «Maserati» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցով նույն քաղաքի Վարդավառի հրապարակի ուղղությամբ ընթանալիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջները, նշված ավտոմեքենայով հատել է ճանապարհի հանդիպակաց ուղղությունները միմյանցից առանձնացնող զույգ հոծ գծանշումը և, ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է հանդիպակաց ուղեմասով երթևեկող «Daewoo Nexia 1.5I» մակնիշի ավտոմեքենային՝  այդ կերպ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի մահը:

Հաշվի առնելով, որ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող նոր փաստեր՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ 

Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար,  վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել և նրա  նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 

2024թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում մահվան ելքով ավտոպատահարի իրական մեղավորը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում