Քաղաքականություն

ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը. վարչապետը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը. վարչապետը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ բնույթը և կարևորել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում թիրախային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: 

Ջոշուա Հաքն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ և նշել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ծրագրերի ընդլայնումն ու ֆինանսավորման ծավալների ավելացումն ուղղված է այդ նպատակին: 

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են այս տարվա ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանց իրականացման ընթացքին: 

Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը:    

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում