Իրան

Իրանը չեզոքացրել է երկիր ներթափանցել փորձող ահաբեկչական խումբը

2 րոպեի ընթերցում

Իրանը չեզոքացրել է երկիր ներթափանցել փորձող ահաբեկչական խումբը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Քոմալա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատար Ռեբվար Քարիմիանին, երբ նա մի խումբ ահաբեկիչների հետ փորձում էր ապօրինի կերպով ներթափանցել Իրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ահաբեկիչների միջև բախումներ են տեղի ունեցել. մի շարք ահաբեկիչներ զոհվել և վիրավորվել են, նրանց մոտ առկա սարքավորումներն առգրավվել են։ 

Ահաբեկիչները փորձել են Իրան մտնել հյուսիս-արևմտյան Քուրդիստանի նահանգի կողմից, որը սահմանակցում է Իրաքին։

Իր հերթին Tasnim գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ օրեր առաջ Իրաքում տեղակայված ահաբեկիչները սկսել են նահանջել Իրանի հետ սահմանամերձ շրջաններից։ Այդ գործընթացը սկսվել է իրանական կառավարության խնդրանքով, Բաղդադի կենտրոնական կառավարության, Իրանի անվտանգության և քաղաքական գերատեսչությունների հետ համագործակցությամբ։

Աղբյուրները նշել են, որ հակաիրանական քրդական խմբավորումները զինաթափվել են և սահմանին գտնվող ռազմակայաններից տարհանվել ու տեղափոխվել են դեպի Իրաքյան Քուրդիստանի խորքերը։ 

2023 թ. մարտին Իրանը և Իրաքը Բաղդադում ստորագրել են անվտանգության շուրջ համաձայնագիր, որը ենթադրում է նաև համակարգում երկու երկրների ընդհանուր սահմանը պաշտպանելու գործում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում