ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դաշնակահար Գեորգի Չաիձեն, որ համատեղ համերգներով շրջել են գրեթե ամբողջ աշխարհում, վերջապես միասին կներկայանան երևանյան բեմում։
Երաժիշտների համերգային երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանը խոստովանեց՝ անհամբերությամբ են սպասում կայանալիք համերգին։
«Գեորգին փայլուն դաշնակահար է, և նրա հետ վաղուց եմ համագործակցում։ Մենք ելույթներ ենք ունենում տարբեր երկրներում և առաջին անգամ համատեղ հանդես ենք գալու Երևանում»,-նշեց Նարեկ Հախնազարյանը։
Համերգային երեկոյի ծրագիրը հարուստ է։ Ընդգրկված են դասական ռոմանտիկ և այլ ստեղծագործություններ։ Առաջին բաժնում կհնչեն Ռոբերտ Շումանի «Ալեգրո և ադաջիո» ստեղծագործությունը և Ֆելիքս Մենդելսոնի «№ 1 ռե մաժոր սոնատը»։
Երկրորդ բաժինը Հախնազարյանն առանձնահատուկ ու հետաքրքիր է համարում. այն ֆոլկլյորային է. քանի որ Հախնազարյանը հայ է, Չաիձեն՝ կիսով չափ վրացի, որոշել են նվագել Կոմիտասի տասից ավելի մենանվագ, հետո՝ խորհրդային կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի հինգ պիես՝ ժողովրդական ոճով։ Կավարտեն արգենտինական տանգոյով։ Նվագելու են Աստոր Պիացոլլայի «Օբլիվիոն»-ը և «Գրանդ տանգո»-ն։
«Երաժիշտները տարբեր սկզբունքներով առաջնորդվելով են ընտրում համերգների ծրագրերը։ Երբեմն փորձում են այնպես կառուցել, որ կոմպոզիտորներին ինչ-որ բան կապի։ Ես նախընտրում եմ բազմազան և բազմաոճ ծրագրերով ներկայանալ, կատարել հեղինակների, որոնք շատ են տարբերվում միմյանցից։ Հավանաբար, տարիների փորձի հետ ինչ-որ զգացողություն է ծնվում, որը թույլ է տալիս հասկանալ, թե որ ստեղծագործություններն են կարող ներդաշնակ լինել ու համադրվել»,-շեշտեց թավջութակահարը։
Կալգարիում անցկացվող Էսթեր Հոնենսի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող, նորվեգական Թրոմսյո քաղաքի 4-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր Գեորգի Չաիձեն կարծում է՝ իրեն կարելի է ռուս դասական դաշնամուրային դպրոցի ներկայացուցիչ համարել։
«Մեծացել և որպես երաժիշտ կայացել եմ Ռուսաստանում, որտեղ էլ ծանոթացել եմ Նարեկ Հախնազարյանի հետ։ Մենք նույն ընթացքում էինք սովորում, սակայն միասին չէինք նվագում։ Իհարկե, ես գիտեի, թե ով է Նարեկը։ Նա այդ ժամանակ արդեն աստղ էր, և հիշում եմ, թե ինչպես էր նվագում կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Ինձ համար մեծ պատիվ է Նարեկի հետ հանդես գալը։ Առաջին համատեղ համերգով ներկայացել ենք Մոսկվայում, հետո՝ Եվրոպայում։ Մենք պարբերաբար ելույթներ ենք ունենում տարբեր երկրներում, ինչն ինձ համար ուրախալի է։ Հուսամ՝ Նարեկի համար ևս»,-ասաց Չաիձեն։
Նա շատ ուրախ է, որ վերջապես հնարավորություն է ընձեռվել նվագելու Հայաստանում՝ Նարեկ Հախնազարյանի հայրենիքում։
Դաշնակահարը կարծում է՝ Հայաստանից և Վրաստանից միշտ էլ տաղանդավոր երաժիշտները շատ են եղել։ Չաիձեի համոզմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ հատկապես խորհրդային տարիներին թե՛ երաժշտական դպրոցները, թե՛ այլ երաժշտական հաստատությունները բարձր մակարդակի վրա են եղել, բացի այդ կրթությունը համադրվել է բնությունից տրված տաղանդի հետ, որով օժտված են հայերն ու վրացիները, ինչի շնորհիվ հիանալի արդյունք է ստացվում։
Չաիձեն ութ տարի առաջ է առաջին անգամ հանդես եկել Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ նվագելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
«Մի քանի օրով էի եկել Հայաստան և երկրին ծանոթանալու ժամանակ գտա։ Իմ կյանքի ամենահիշարժան օրերից էին»,-նշեց նա։
Հախնազարյանն ու Չաիձեն հաճախ են կատարում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Դաշնակահարը զարմանալի է համարում Կոմիտասի ստեղծագործությունները։ Երջանիկ են, որ Կոմիտաս են հնչեցնելու Երևանում։