ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարևան երկիր էր մեկնել պատասխան այցով՝ քննարկելու հայ-վրացական հարաբերությունների օրակարգն ու անդրադառնալու տարածաշրջանային վերջին զարգացումներին, քանի որ Վրաստան-Արևմուտք հարաբերություններում կան որոշակի բարդություններ, և ոչ պակաս բարդ իրավիճակ է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցին, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակին։
«Երկու վարչապետներն էլ հնարավորություն ունեցան մտքեր փոխանակել տարբեր հարցերի շուրջ, ինչը կարևոր է և օգտակար։ Վրաստանի պարագայում ՀՀ վարչապետի այցը կարևոր էր նաև այն առումով, որ այդ երկրում սպասվում են համապետական ընտրություններ, առավել ևս, որ Վրաստանի և Արևմուտքի միջև բարդ հարաբերությունների ֆոնին անհրաժեշտ է, որպեսզի արտաքին կապերը պահպանվեն և գործեն անխափան, առավել ևս, որ այդ հանգամանքը շատ կարևոր է հարևան բարիդրացիական երկրի համար, որի հետ Հայաստանը զարգացնում է ռազմավարական բնույթի հարաբերություններ»,- ասաց Մելիքյանը։
Վրացագետի դիտարկմամբ՝ ոչ պակաս կարևոր է այն, որ այցի ներքաղաքական տարրը կարելի է կապել Վրաստանի հայկական համայնքի գործունեության հետ, որը նույնպես պատրաստվում է շուտով կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ տեսանկյունից ևս պատահական չէ, որ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետն այցելեց հարևան երկիր։ Մելիքյանը չբացառեց, որ Վրաստան նմանատիպ այցեր կարող են լինել և Ադրբեջանից, ու հավելեց, որ ընտրություններից առաջ Վրաստանի իշխող կուսակցության համար շատ կարևոր են հարևանների հետ որոշ հարցերում մտքերի փոխանակումն ու դիրքորոշումների հստակեցումը։
Անդրադառնալով հոկտեմբերի 26-ին հարևան երկրում կայանալիք ընտրություններին և նախընտրական փուլում հիմնական ուժերի հնարավորություններին՝ վրացագետն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակն էապես տարբերվում է 2012 թվականի իրավիճակից, երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը»։
«Գալիք ընտրությունները կայանալու են աննախադեպ բարդ ներքաղաքական և ավելի խրթին աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին, երբ առկա են բարդ հարաբերություններ Թբիլիսիի ու Վաշինգտոնի, ինչպեսև՝ Թբիլիսիի ու Բրյուսելի միջև: Դա պայմանավորված է Ռուսաստան-Արևմուտք առճակատման ֆոնին տարբեր միջազգային գործընթացների վերաբերյալ Վրաստանի մոտեցումներով: Իրավիճակը թեժ է նաև ներսում։ Եթե նախկինում ընտրություններից առաջ պայքարն ընթանում էր երկու բևեռների միջև, ապա այսօր կան միտումներ հնարավոր երրորդ բևեռի ձևավորման համար։ Որոշ ուժեր այդ առումով կարող են ընկալվել որպես այլընտրանք՝ չկողմնորոշված ընտրողների համար»,- նշեց մեր զրուցակիցը։
Վրաստանի ներքաղաքական կյանքի ամենամեծ խնդիրներից մեկը հասարակության բևեռացումն է, ինչը բավականին կոնֆլիկտածին պրոբլեմ է, ինչն իր արտացոլումը կարող է գտնել հետընտրական գործընթացներում։
«Հիմա կա գործող «Վրացական երազանքը» և նրան ընդդիմադիր Ազգային միացյալ շարժումը՝ հիմնադրված Սաակաշվիլիի կողմից, որի շուրջ նախկին մի քանի թիմակիցներ միավորվել են։ Կան ևս երկու քաղաքական ուժեր. մեկը նախկին վարչապետ Գախարիայի գլխավորած կուսակցությունն է, մյուսը՝ «Լելո» կուսակցության շուրջ ձևավորված դաշինքը, որում ընդգրկված են նախկին տեխնոկրատ տարբեր չինովնիկներ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Պայքարն ընթանում է հիմնականում այս չորս ուժերի միջև։ Շատերին հետաքրքրում է, թե կհաջողվի արդյոք վերջին երկուսին միավորվել՝ դառնալով երրորդ բևեռ, և կհաջողվի՞ իշխանություններին քարոզարշավն իրականացնել առավելագույն արդյունավետությամբ։ Նույնը վերաբերում է նաև Սաակաշվիլիի կուսակցությանը»,- ասաց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ բավականին հետաքրքիր և աննախադեպ է այն իրողությունը, որ այս անգամ «Վրացական երազանքի» ընտրացուցակն անձամբ գլխավորում է Բիձինա Իվանիշվիլին, և որ առաջին անգամ ընտրությունները տեղի են ունենալու բացառապես համամասնական ընտրակարգով։
Անդրադառնալով նաև քարոզարշավի ընթացքում քաղաքական Նյուրնբերգ իրականացնելու կոչերին, ինչպես նաև՝ Իվանիշվիլիի հայտարարությանը, թե անհրաժեշտ է ուժ գտնել և ներողություն խնդրել օս ժողովրդից այն բանի համար, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժումը» 2008 թվականին օս ժողովրդին հրի ու բոցի մատնեց, Մելիքյանը շեշտեց, որ այդ ամենը պետք է կապել զուտ նախընտրական պայքարի, Սաակաշվիլիի դիրքերը թուլացնելու և արտաքին մեսիջներ ուղարկելու հետ։
«Այդուհանդերձ, օսերին առնչվող հայտարարությունն ի ցույց է դնում իշխող ուժի մոտեցումը։ Պատերազմից առաջ օսերի ու վրացիների հարաբերություններն այդքան լարված չէին, կապերը կային, գործնականում շատ հեշտ կարելի էր Թբիլիսիից գնալ Ցխինվալի և խնդիրներ չունենալ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ Սաակաշվիլիի օրոք, էլ ավելի հեռացրեց երկու ժողովուրդներին, հետևաբար, այսօր գործող իշխանությունն իր նպատակադրությունն է ի ցույց դնում՝ կարգավորելու այդ հարաբերությունները։ Մինչ օրս գործում է Հաշտեցման նախարարությունը։ Թբիլիսին անընդհատ արձանագրում է, որ տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրը տակավին կա, սակայն լուծվելու է խաղաղ բանակցությունների միջոցով, առանց ագրեսիայի կամ ռազմական գործողությունների»,- ասաց Մելիքյանը։
Վրացագետի դիտարկմամբ՝ օսերի կոշտ պատասխանը նույնպես սպասելի էր։ Նրանք և աբխազները շատ ցավագին են ընդունում նման հայտարարություններն ու Ռուսաստանի և Վրաստանի միջև հնարավոր համաձայնությունների գալու հեռանկարը։ Մելիքյանի կարծիքով՝ Իվանիշվիլիի հայտարարությունն ունի կոմպլեքս բաղադրիչներ և տարբեր շահառուներ, որոնք այս կամ այն կերպ արձագանքել են դրան, իսկ թե ինչ հանգուցալուծումներ կլինեն՝ ցույց կտա ժամանակը։
Մանվել Մարգարյան