Տնտեսություն

ՄՊՀ-ում քննարկվել են ուշ վճարումների առնչությամբ կաթնամթերք արտադրողների բարձրացրած հարցերը

2 րոպեի ընթերցում

ՄՊՀ-ում քննարկվել են ուշ վճարումների առնչությամբ կաթնամթերք արտադրողների բարձրացրած հարցերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում  Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ և «Հայ կաթ» ՀԿ անդամ հանդիսացող կաթնամթերք արտադրողների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին  Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ և էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցյալ տարվանից նոր օրենսդրական կարգավորումներ են գործում, որոնց համաձայն առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: 90 օր կենտանցի և 3 մլն դրամ և ավել չվճարված պարտքի դեպքում հանձնաժողովն իրավասու է վարչարարություն իրականացնելու։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ փոփոխության արդյունքում ոլորտում էական դրական տեղաշարժեր են տեղի ունեցել՝ շուրջ 2,5 մլրդ դրամի նախկինում կուտակված պարտքեր են մարվել։ Այնուամենայնիվ, կաթնամթերք արտադրողները, ոլորտի առանձնահատկություններից ելնելով, մի շարք հարցեր են բարձրացրել։

Մասնավորապես, արտադրողներն առաջարկում են կաթնամթերքի մի շարք տեսակների համար՝ կաթ, թթվասեր, կաթնաշոռ և այլն, որոնք պիտանելիության սեղմ ժամկետներ ունեն, վճարումների ավելի նվազ ժամկետ սահմանել։ Միաժամանակ առաջարկվել է շահութահարկից նվազեցվող խոտանված ապրանքի տոկոսն ավելացնել, քանի որ  փաստացի կաթնամթերքի պարագայում այն  1 տոկոսից ավելի է կազմում։

Հանդիպման արդյունքներով որոշվել է քննարկել և բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել բարձրացված հարցերին, միաժամանակ կարևորվել է սպառողների վարքագծի փոփոխության ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում