Տնտեսություն

Օրենքի նոր նախագիծը գրավիչ միջավայր կստեղծի ռազմաարդյունաբերող ընկերությունների համար. ԲՏԱ նախարար

2 րոպեի ընթերցում

Օրենքի նոր նախագիծը գրավիչ միջավայր կստեղծի ռազմաարդյունաբերող ընկերությունների համար. ԲՏԱ նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված  ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հավանություն է ստացել, այն շուտով մանրամասն կներկայացվի Ազգային ժողովում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ այն կարգավորելու է երեք կողմերի՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ պաշտպանության նախարարության և մասնավոր հատվածի իրավահարաբերությունները:

Ըստ նրա՝ այս կարգավորումները միտված են համապատասխան գրավիչ միջավայր ստեղծելու ռազմարդյունաբերող ընկերությունների համար: 

«Շատ հաճախ դեռևս Խորհրդային միության ժամանակներից մնացած որոշակի քաղաքականություններ գալիս են ինչ-որ իմաստով զսպելու զարգացումը, հետևաբար՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաքելությունն է վեր հանել և գնահատել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են զարգացմանը: 

Այստեղ առաջին հերթին քաղաքականության և օրենքների նոր փաթեթների մշակումն է, որոնցից կարևորագույնը, որ մենք այս վերջին ժամանակաշրջանում իրականցրել ենք՝ ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքի նախագիծն է, որին կառավարությունն արդեն դրական եզրակացություն տվել է, և ես այն շուտով մանրամասն կներկայացնեմ Ազգային ժողովում»,- ասաց Հայրապետյանը:

Նա ընդգծեց՝ այս փաթեթով  նաև լուծում են երկրորդ խնդիրը.  զգալիորեն կրճատվում են  բյուրոկրատական խոչընդոտներն ու մարտահրավերները, որոնք, ըստ նախարարի,  լրջագույն խնդիրներ են ստեղծում ռազմաարդյունաբերողների համար:

 «Ստեղծում ենք նոր կարգեր՝ ֆինանսավորման, հայտերի ընդունման գործընթացում, հետայսու այդ կարգերի ընդունումից հետո մենք զգալիորեն հեշտացնելու ենք ռազմաարդյունաբերողների կյանքը»,- եզրափակեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում