Եվրոպա

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

2 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակել է Եվրահանձնաժողովի նոր կազմն առաջիկա հինգ տարվա համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հիմնել է նոր պաշտոններ, մասնավորապես, պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատարի, ինչպես նաև ԵՄ-ի ընդլայնման և Ուկրաինայի վերակառուցման հարցերով եվրահանձնակատարի։

Եվրամիության պաշտպանության հարցերով առաջին եվրահանձնակատարը կլինի Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը։

Իսպանիայի էներգետիկայի և բնապահպանության նախարար Թերեզա Ռիբերան կզբաղեցնի ԵՄ հաջորդ հակամենաշնորհային հարցերով հանձնակատարի պաշտոնը, որը նաև պատասխանատու կլինի «մաքուր արդար և մրցակցային անցման համար»։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ֆոն դեր Լայենը՝ նշելով, որ կլիմայի փոփոխությունն իրենց գործունեության հիմնական ուղղություններից է։

Եվրահանձնաժողովի նոր կազմում են նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, որը պատասխանատու կլինի արդյունաբերական ռազմավարության համար, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը, որը պատասխանատու կլինի արտաքին քաղաքականության համար։ 

Եթե բոլոր նշանակումները հաստատվեն Եվրախորհրդարանի կողմից, ապա նոր կազմն իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից։

ԵՄ անդամ 27 պետություններից յուրաքանչյուրը Եվրահանձնաժողովում ունի մեկ աթոռ։ Այդ դերը կարելի է համեմատել կառավարության նախարարի պաշտոնի հետ՝ չնայած դրա քաղաքական կշիռը տարբերվում է՝ կախված պորտֆելից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում