Միացյալ Նահանգներ

Թրամփի դեմ մահափորձի կասկածյալը 12 ժամ թաքնված է եղել թփերում

2 րոպեի ընթերցում

Թրամփի դեմ մահափորձի կասկածյալը 12 ժամ թաքնված է եղել թփերում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏեՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ, ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի կասկածյալն, ամենայն հավանականությամբ, գոլֆի դաշտում թփերի մեջ թաքնված է եղել շուրջ 12 ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Գաղտնի ծառայությունը նկատել է կասկածյալի ինքնաձիգի փողը, և նրան չի հաջողվել կրակոցներ արձակել, սակայն այս միջադեպը հարցեր է առաջացրել այն մասին, թե ինչպես է զինված մարդն այդքան մոտեցել Թրամփին նրա դեմ առաջին մահափորձից ընդամենը երկու ամիս անց։ Բացի այդ, հարց է առաջացել, թե ինչպես է կասկածյալը տեղեկացել գոլֆի ակումբ Թրամփի այցի մասին, երբ դա չի եղել նրա գրաֆիկում, որը հանրայնորեն հասանելի է։

Գոլֆի դաշտն ուսումնասիրող գաղտնի գործակալը նկատել է ինքնաձիգի փողը և կրակ բացել։

Թրամփը X Spaces հարթակում պատմել է տեղի ունեցածի մասին։

«Հանկարծ մենք դեպի օդ արձակված կրակոցներ լսեցինք, կարծես, չորս կամ հինգ։ Գաղտնի ծառայությունն անմիջապես հասկացավ, որ դրանք փամփուշտներ են, և ինձ բռնեցին։ Մենք նստեցինք մեքենաները և բավական արագ հեռացանք։ Ես գործակալի հետ էի, և գործակալը հրաշալի կատարեց իր աշխատանքը», - ասել է Թրամփը։

Նա միևնույն ժամանակ հավելել է, որ իր անվտանգության աշխատակիցների թիվը պետք է ավելացնել։

58-ամյա կասկածյալ Ռայան Ռութը փախել էր դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով ինքնաձիգը, թվային տեսախցիկ և ուտելիքով տոպրակ։ Նրան բռնել են 40 րոպե անց։ Ըստ ստացված տվյալների՝ Ռութի հեռախոսը գոլֆի դաշտում է եղել գիշերը ժամը 1:59-ից, այսինքն՝ միջադեպից 11,5 ժամ առաջ։

Ըստ ԶԼՄ-ների՝ 2002-2010 թթ. կասկածյալը մեղադրվել և դատապարվել է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ զենք թաքցնելու, ձերբակալմանն ընդդիմանալու, վրաերթի վայրից փախչելու, ուժը կորցրած վկայականով մեքենա վարելու և գողացված գույքի սեփականատեր լինելու համար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում