Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Այնճար. նշվում է Այնճարի հիմնադրման 85-ամյակը

8 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Այնճար. նշվում է Այնճարի հիմնադրման 85-ամյակը

ԱՆԹԻԼԻԱՍ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա վերջին տաղավար՝ Հիսուս Քրիստոսի սուրբ խաչին վերացման տոնին հիշատակվում է Լիբանանում հաստատված Այնճար ավանի հիմնադրման տոնը, որովհետև սուրբ խաչի շնորհիվ այնճարցիները փրկվել են թուրքի յաթաղանից։ Տոնի կապակցությամբ Այնճար է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Արդարև, 2024-ը զուգադիպում է Մուսա լեռան հերոսամարտի 109-րդ և Այնճարի հիմնադրման 85-ամյակներին, որոնց տոնակատարությունների շրջագծում տեղի ունեցան բազմաթիվ մշակութային ձեռնարկներ՝ շեշտելով Այնճարի հայկականությունը և ավանն առավել ևս հայկականացնելու ու նրա բարքերն ու ավանդությունները պահելու ու պահպանելու այնճարցու վճռակամությունը։ Այս առիթով, կիրակի, 2024-ի սեպտեմբերի 15-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագույն Հայրապետը կատարեց շնորհաբաշխ Հովվապետական այցելություն Այնճարի հայկական ավան. տեղի Սուրբ Պողոս եկեղեցում նախագահեց Սուրբ և Անմահ Պատարագի մատուցման արարողությունը, իր Հայրապետական պատգամը հղեց հավատացյալ ժողովրդին և կատարեց մատաղի օրհնությունը։ Օրվան պատարագիչն էր Բեքայի հոգևոր տեսուչ Գերպ. Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուջանյանը։

Այնճարի մուտքին Վեհափառ Հայրապետը դիմավորվել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի, քաղաքապետ Վարդգես Խոշյանի, Ազգային Իշխանության անդամների, Հայաստանի Հանրապետության դեսպանատան անձնակազմի, հոգևոր հայրերի և լիբանանահայ համայնքի կազմակերպությունների, կառույցների ու մարմինների ներկայացուցիչների կողմից։ Շնորհաբաշխ հովվապետական այցելության ընթացքում Նորին Սուրբ Օծության շքախմբի մաս են կազմել Կաթողիկոսարանի Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայանը, Դպրեվանքի տեսուչ Հոգշ. Տ. Պարույր Վրդ. Շերնեզյանը, Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի տնօրեն Հոգշ. Տ. Հովակիմ Վրդ. Բանջարջյանը, գավազանակիր Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային Կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի համաատենապետ Ստեփան Տեր-Պետրոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Այնճարի մուտքին ավանդական աղի ու հացի օրհնությունից հետո, Հայրապետական թափորը ուղղվել է եկեղեցի, ուր Արամ Ա Կաթողիկոսը օրվա պատգամն է փոխանցել հավատացյալներին։

Առաջին հերթին բարի գալստյան խոսք է արտասանել թեմի առաջնորդ սրբազան հայրը։ Հայրապետին ներկայությունը Լիբանանի հայոց թեմում, և, մասնավորապես, Այնճարում, ողջունելուց հետո նա վստահեցրել է, որ այս այցելությունը առիթ պիտի լինի նոր ոգևորություն ներշնչելու Մուսա լեռան շառավիղներին, որոնք, հաղորդակից մնալով իրենց հայրերի կերտած փառքին, շարունակում են կորովով արմատ ու ճյուղ արձակել հայի քրտինքով նվիրականացած այդ հողին։ Շարունակելով խոսքը՝ Շահե արքեպիսկոպոսը հայտնել է, որ Այնճարն իր ծոցում  հավաքում է մեր ժողովրդի զավակներին, որպեսզի սերունդները ճանաչեն իրենց հայրերի մեծագործությունը և, նրանց օրինակին հետևելով, ազգի վերելքի ու ամրության համար անձնվիրաբար ընծայեն իրենց կարողությունները։ Ավարտին սրբազան հայրը աղոթք է բարձրացրել առ Աստված, որ բեղուն ու ծաղկուն պահի Հայրապետի կյանքն ու աշխատանքը, որպեսզի նրանով շարունակեն տեսնել ավելի լայն հորիզոններ ու քաջություն գտնել կյանքի համար, և հրավիրել է Նորին Սուրբ Օծությանն իր Հայրապետական պատգամը ուղղել ժողովրդին։

Ըստ աղբյուրի՝ Վերացման սուրբ խաչի տոնին լույսի տակ Վեհափառ Հայրապետը հակիրճ բացատրել է խաչի խորհուրդը՝ շեշտելով, թե խաչը սիրո, զոհողության և հաղթանակի նշան է։ Յուրաքանչյուրի մասին ու ավետարանական մեջբերումներով նա անհրաժեշտ բացատրություններ է տվել։ Ապա, անդրադառնալով մեր ժողովրդի դարավոր պատմությանը՝ Նորին Սրբությունն ասել է, որ խաչը պաշտող առաջին ազգն ենք եղել և խաչի նկատմամբ մեր հավատարմությունից մղված նահատակվել ենք ու պայքարել։ Խաչը մեր ժողովրդի համար եղել է հոգեմտավոր ստեղծագործության աղբյուր ու մղիչ ուժ։ Շարունակելով իր պատգամը՝ Հայրապետն ասել է, որ չի կարելի հասկանալ հայոց պատմության խորհուրդը ու հրաշքը առանց խաչի։ Նրա զորությամբ մենք հաղթել ենք մահին և հարություն կերտել։

Անդրադառնալով Մուսա լեռան 40 օրերին ու մուսալեռցիների Այնճարում հաստատմանը և խոսքն ուղղելով նրանց՝ Նորին Ս. Օծությունը հայտնել է, թե «խաչի զորությամբ Մուսա լեռը արյան վկայությամբ հաղթանակի վերածեցիք։ Խաչի զորությամբ Այնճարում հաստատվեցիք՝ հակառակ ահավոր դժվարությունների, և խաչի զորությամբ այս երբեմնի գյուղը վերածեցիք փոքր Հայաստանի»։ 

Խոսելով ներկա ժամանակների մասին՝ Արամ Ա Կաթողիկոսը կոչ է ուղղել այնճարցիներին։ «Նո՛ւյն հավատարմությամբ, խաչի հավատքով ու զորությամբ զորացած, պետք է Այնճարը նորանոր իրագործումներով ավելի՛ ծաղկեցնեք»,- եզրափակել է իր պատգամը Նորին Սրբությունը։

Նշվում է, որ Այնճարի հաստատման 85-ամյակի տոնակատարությունները եզրափակվել են ի պատիվ Վեհափառ Հայրապետին տրված պաշտոնական ճաշկերույթով, որի ընթացքում արտասանվել են խոսքեր, կատարվել է մենապար, մի քանի երգերով հանդես  են եկել հայրենի արվեստագետներ, իսկ ավարտին Հայրապետն իր խոսքն է ուղղել ներկաներին և Կայծակ Զեյթլյանի կուրծքը զարդարել է Սուրբ Աթոռի «Կիլիկեան Ասպետ» շքանշանով։

Իր խոսքում Հայրապետը կատարել է չորս հաստատումներ. առաջին՝ գնահատանք բոլոր նրանց, որոնք իրենց մտքից, հոգուց ու քսակից մի բան տալով՝ շենացրել են Այնճարը՝ այն դարձնելով հայությամբ շնչող հայ ավանի։ Երկրորդ՝ Այնճարը միայն հող ու քար չէ, այլ նաև՛ ժողովուրդ է։ Առանց ժողովրդի Այնճարն իր իմաստը կորցնում է. հետևաբար, այնճարցին պետք է կապված մնա իր հողին՝ այն ավելի շենացնելու հանձնառությամբ ու վճռականությամբ։ Երրորդ՝ Նորին Սրբությունը հիշել է, որ շուրջ տասը տարի առաջ, երբ այցելել էր Այնճար, կոչ է ուղղել, որ այնճարցին իր հողը օտարին չծախի։ «Այսօ՛ր ևս նո՛ւյն կոչն եմ ուղղում, - ասել է Հայրապետը, - որովհետև օտարին օտարացնող ներկայությունը ընդունելի չէ՛։ Այնճարի հայ դիմագիծը պետք է պահել ամեն գնով»։ Չորրորդ՝ Արամ Ա Կաթողիկոսն ասել է, որ Այնճարն ունի իր լայն սփյուռքը։ Բոլոր գաղութներում այնճարցիներ կան, որոնք տակավին կապված են Այնճարին. սակայն, անհրաժեշտ է, որ նրանք իրենց կապվածությունը գործնապե՛ս արտահայտեն՝ նյութական օժանդակություն կատարելով և Այնճարի կարիքներին ու ծրագրերին օգտակար հանդիսանալով։ Այս ծիրում Վեհափառ Հայրապետը հատուկ գնահատել է տեր և տիկին Կայծակ ու Ծովիկ Զեյթլյաններին՝ ի տես նրանց նվիրաբերմանն Այնճարին և զանազան ծրագրերի օժանդակության։ Այս առիթով, որպես Զեյթլյան զույգի ծառայությունների ու կատարած օժանդակությունների գնահատանք ՝ Նորին Ս. Օծությունը Կայծակ Զեյթլյանին պարգևատրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութեան «Կիլիկեան Ասպետ» շքանշանով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում