Քաղաքականություն

«Պատիվ ունեմ»-ը խոցելի է համարում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի որոշ կետեր

2 րոպեի ընթերցում

«Պատիվ ունեմ»-ը խոցելի է համարում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի որոշ կետեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն առանձնացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի խոցելի կետերը և կոչ արեց Սահմանադրական դատարանին ուշադրությամբ քննության առնել դրանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մամիջանյանն այս մասին հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

«ՀՀԿ հայտարարության մեջ հստակ նշված է թե՛ իրավական հակասությունները, թե՛ ինչ խոցելիություններ են առկա։ Կարող էին օգտագործել լրիվ այլ փաստաթուղթ, օրինակ՝ 1988 թվականի փաստաթուղթը, որը շատ ավելի ընդունելի էր Հայաստանի Հանրապետության համար։ Ոչ պակաս կարևոր կետ է հատվածային սահմանազատման վերաբերյալ կետը, որը միջազգային իրավունքի լեզվից առօրյա լեզվին փոխելով՝ նշանակում է, որ ըստ այդ կանոնակարգի՝ հատված-հատված կարելի է իրականացնել սահմանազատում, ընդ որում՝ տարբեր քարտեզներով։ Ադրբեջանին մի հատվածում շահեկան է լինելու 1976 թվականի քարտեզը՝ այդ քարտեզն է օգտագործելու, մյուսում՝ 1988 թվականի քարտեզը՝ դա է օգտագործելու։ Ու այդ բոլոր հատվածային սահմանազատումները լինելու են վերջանական՝ մինչև միջպետական պայմանագրի կնքումը և դրա բոլոր ներպետական փուլերով անցնելը»,- նշեց Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հողի վրա իրեն հետաքրքրող բոլոր հատվածներում կարող է ստանալ սահմանազատման հատվածային ու ըստ կանոնակարգի՝ վերջանական լուծումներ, որից հետո վերջնական գործընթացի նույնիսկ չգնա։

«Կոչ եմ անում Սահմանադրական դատարանին շատ ուշադիր լինել և քննության առնել այդ կետերը»,- եզրափակեց Մամիջանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում