Քաղաքականություն

«Պատիվ ունեմ»-ը ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու նախագծի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի, երբ այն մտնի ԱԺ

2 րոպեի ընթերցում

«Պատիվ ունեմ»-ը ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու նախագծի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի, երբ այն մտնի ԱԺ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ դիրքորոշում կհայտնի այն ժամանակ, երբ նախագիծը մտնի Ազգային ժողովի օրակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքական բոլոր ուժերից ամենամեծ և ամենալայն եվրոպական կապերն ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ԵԺԿ անդամակցությունից սկսած։ 

«Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև ամբողջ հարաբերություններն այս պահին կառուցվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ստորագրված և ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդյունք հանդիսացող Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով։ Դա հիմնարար փաստաթուղթ է։ Դրանից ոչ մի քայլ առաջ այս իշխանությունները չեն գնացել։ Վերջերս միայն սկսեցին խոսել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին։ 

Իսկ հարցին ես ուղիղ չեմ պատասխանում, պատմական ակնարկով եմ պատասխանում, որովհետև դեռ ազգային ժողով այդ նախագիծը չի եկել և չգիտեմ, թե այդ հանրաքվեի արդյունքները ինչ են լինելու»,- ասաց Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ երբ նախագիծը կգա խորհրդարան, այդ ժամանակ «Պատիվ ունեմ»-ն իր կարծիքը կհնչեցնի։

Սեպտեմբերի 16-ին ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաք են սկսել «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները: 60-օրյա ժամկետում պետք է հավաքվի 50 հազար ստորագրություն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում