Քաղաքականություն

Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

2 րոպեի ընթերցում

Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դուշանբեում սեպտեմբերի 13-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել են  ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացրել են ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և պայմանագրային-իրավական վարչության պետ Փարվիզ Սոդիկին:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մանրամասն դիտարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Տեղի է ունեցել միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում:

Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքների վրա:

Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են նաև Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների պայմանագրային-իրավական բազայի գույքագրման և հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր: Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային իրավական համագործակցության խնդիրների լայն շրջանակի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում