Միացյալ Նահանգներ

Boeing-ի ամերիկյան գործարանների աշխատակիցները գործադուլի են դուրս եկել

2 րոպեի ընթերցում

Boeing-ի ամերիկյան գործարանների աշխատակիցները գործադուլի են դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան խոշորագույն ավիաարտադրող Boeing ընկերության մի շարք գործարանների աշխատակիցները դուրս են եկել գործադուլի այն բանից հետո, երբ աշխատողների 96 %-ը կողմ է քվեարկել նման նախաձեռնությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ գործադուլի պատճառով դադարեցվել է ավիաարտադրողի ամենալավ վաճառվող ինքնաթիռի արտադրությունը, մինչ ընկերությունը պայքարում է արտադրության ձգձգումների և աճող պարտքերի դեմ։

Սա Boeing-ի աշխատակիցների առաջին գործադուլն է 2008 թվականից ի վեր։ Սիեթլի և Փորթլենդի գործարանների շուրջ 30 000 աշխատողներ, որոնք արտադրում են Boeing 737 MAX և այլ ինքնաթիռներ, ստորագրել են ընկերության հետ գործարք կնքելու առաջարկը և կողմ են արտահայտվել գործադուլին։

Boeing-ը սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ քվեարկությունը ցույց է տալիս, որ աշխատակիցներին ներկայացնող IAM արհմիության հետ ձեռք բերված նախնական համաձայնությունն ընդունելի չէ միության անդամների համար։ Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է աշխատավարձի 25 %-ով բարձրացում, 3000 ԱՄՆ դոլարի բոնուս, սակայն աշխատողներն ի սկզբանե պահանջում էին աշխատավարձի բարձրացում 40 %-ով։ 

2008 թվականին Boeing-ի աշխատակիցների գործադուլի պատճառով գործարանները փակվել էին 52 օրով, ընկերությունը կրել էր օրական մոտ 100 միլիոն դոլարի վնաս։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում